Տնտեսական քաղաքականություն եւ զարգացման պլանավորում
Տնտեսական զարգացման քաղաքականությունը
Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն ստեղծելու վճռականությամբ ՀՀ կառավարությունը տնտեսության մեջ որդեգրեց շուկայական հարաբերություններին անցնելու քաղաքականությունը, որի իրականացման նպատակով սկիզբ դրվեց ազատական արժեքների վրա հիմնված տնտեսական բարեփոխումների գործընթացին: Տնտեսության ազատականության, ներդրումային և գործարար ակտիվության բարձրացման, ազատ առևտրային ռեժիմի ապահովման և համաշխարհային տնտեսության մեջ երկրի լիարժեք ինտեգրման քաղաքականության անշեղ և հետևողական իրականացման արդյունքում բարձրացել է Հայաստանի տնտեսության կանխատեսելիության աստիճանը և նվազել ռիսկայնության մակարդակը, ինչն ակնհայտորեն դրական է անդրադարձել մեր երկրի վարկանիշի վրա:
Տնտեսական աճից դեպի կայուն տնտեսական զարգացում
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական քաղաքականության գերնպատակը մեկ սերնդի կյանքի տևողության կտրվածքով ռեսուրսների արդյունավետ բաշխումն էր, մինչդեռ ժամանակակից քաղաքակրթության առաջընթացը պայմանավորվում է կայուն զարգացման ապահովմամբ, որի պարագայում առավել երաշխավորված են ներկա և ապագա սերունդների պահանջների բավարարման հնարավորությունները: Այս առումով, տնտեսական քաղաքականությունը, քանակական աճին զուգընթաց, ներկայումս ուղղված է որակական տնտեսական զարգացման ապահովմանը: Այսինքն, գերակայությունը մարդկային ռեսուրսների, այն է` մտավոր և ստեղծագործ ունակությունների առավել ինտենսիվ օգտագործման հիման վրա տնտեսության էվոլյուցիայի ապահովումն է` բնական ռեսուրսների ռազմավարական դերի թուլացման միտումով:
Հայաստանի համար ներկա փուլի ռազմավարական գերխնդիրը, այն է` գիտելիքահենք տնտեսության կառուցումը, հիմնված է գիտատեխնիկական առաջընթացի համար առկա լուրջ նախադրյալների առավելագույնս իրացման վրա: Շեշտադրումը կատարվում է մարդկային զարգացման վրա` կարողությունների բացահայտման և ավելացման, գիտական մտքի կիրառության խթանման և, վերջին հաշվով, գիտատեխնիկական արագաքայլ առաջընթացի միջոցով:
Տնտեսությունը որակապես նոր մակարդակի վրա փոխադրելու, այսինքն, նոր ստեղծված արժեքում գիտատար ապրանքների, տեխնոլոգիաների, ծառայությունների տեսակարար կշիռն ավելացնելու միջոցով տնտեսական զարգացման քաղաքականությունն իրականացվում է հետևյալ ռազմավարական ուղղություններով.
- Մրցակցային առավելությունների ձևավորում
Մրցակցային առավելությունների ձևավորման գործընթացը հանրապետությունում ընթանում է այն հիմնական ռազմավարական սկզբունքի ընկալմամբ, համաձայն որի մրցունակությունը ոչ թե ժառանգվում, այլ ձեռք է բերվում ժամանակի հետ համընթաց: Տնտեսության մրցունակությունը կախված է իրական հատվածում արդիականացման և նորարարությունների ներդրման հնարավորությունից:
Մրցունակության բարձրացման քաղաքականությունը Հայաստանում կենտրոնացած է տնտեսության առանձին ոլորտների և բնագավառների վրա: Գերխնդիրն այնպիսի ճյուղերի գերակշռության ապահովումն է, որտեղ արտադրության գործոնները բարձր որակավորում ունեցող կադրերն են և հզոր գիտատեխնիկական հենքը, որոնք խոշոր ներդրումներ ներգրավելու և անընդհատ արդիականանալու հատկություն ունեն: Այս համատեքստում է իրականացվում նաև տեխնոլոգիական վերազինման միջոցով բարձր ավելացված արժեք ստեղծող գիտատար արտադրության ներուժի մեծացման քաղաքականությունը: - Ինովացիոն գործընթացների զարգացում
Ժամանակակից գլոբալացման պայմաններում, երբ կապիտալի հոսքերը աննախադեպ աճել են և մեծապես ուղղված են բարձր տեխնոլոգիաների ոլորտ, իսկ նորարարությունների ներմուծումը դարձել է շուկայական տնտեսության առանցքային գործոն, ինովացիոն զարգացման քաղաքականությունն ուղղվում է այդ հոսքերի համար Հայաստանը գրավիչ դարձնելուն՝ առավելագույն կարճ ժամանակաշրջանում երկիրը դարձնելով եթե ոչ բարձր տեխնոլոգիաներ ստեղծող, ապա գոնե այն սպասարկող երկիր: Նման երկրորդային դերից առաջնայինին (սպասարկողից` ստեղծողի) անցման համար իրականացվում է ժամանակակից համակարգերին ինտեգրվելու ունակ գիտաահետազոտական համակարգի ձևավորմանն աջակցման քաղաքականություն:
Տնտեսության ինովացիոն զարգացումը Հայաստանում մեկնարկել է ազգային ինովացիոն համակարգի ձևավորմամբ: Այս փուլի հիմնական նպատակը ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումն է: Հաջորդ փուլում քաղաքականությունը կուղղվի այնպիսի արտադրությունների կազմակերպման խթանմանը, որոնք կարող են յուրացնել նորագույն նորամուծություններ և արտադրել միջազգային չափանիշներով գիտատար արտադրանք՝ դուրս գալով արտաքին շուկաներ: - Գործարար միջավայրի շարունակական բարելավում
Գործարար միջավայրի բարելավման և գրավչության մակարդակի շարունակական բարձրացման հիմնական գրավականը համապատասխան նպաստավոր և կայուն իրավական դաշտի առկայությունն է, որի պայմաններում տնտեսավարողը, կրելով միայն գործարար ռիսկեր, ջանքերը կուղղորդի դեպի կառավարման հմտությունների կատարելագործումը: Այս նպատակով իրականացված և շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումները (ֆինանսական, ապահովագրական, ստանդարտացման և այլ հատվածներում) կերաշխավորեն տնտեսության մեջ երկարաժամկետ և լայնածավալ ներդրումների ներգրավում:
Ընդ որում, ակնկալվում է, որ վարվող քաղաքականության արդյունքում, ներդրումային անընդհատ աճող հոսքերը (այդ թվում՝ անդրազգային կորպորացիաների մուտքով պայմանավորված) հնարավորություն կտան ձևավորել ֆինանսաարդյունաբերական խոշոր կենտրոններ, որոնց կլաստերաստեղծ հատկության շնորհիվ պայմաններ կստեղծվեն ձեռնարկատիրության հետագա զարգացման համար:
ՓՄՁ կենսունակ և դինամիկ զարգացման համար շեշտը դրվում է ՓՄՁ սուբյեկտների աջակցության պետական հստակ քաղաքականության շարունակականության ապահովման վրա, ինչն արտահայտվում է ենթակառուցվածքների ձևավորման, ֆինանսական, մասնագիտական, տեխնոլոգիական, մարքետինգային հնարավորությունների ընդլայնման հետևողական միջոցառումներում: - Արտահանման խթանում
Արտահանման առաջանցիկ տեմպեր ապահովելու համար հանրապետությունում որդեգրվել է արտահանման ուղղակի խրախուսման քաղաքականություն՝ չբավարարվելով միայն խոչընդոտների արտաքին վերացմամբ: Շարունակաբար վարչարարության պարզեցում կատարելուց բացի ձեռնարկվում են խթանմանն ուղղված որոշակի միջոցառումներ` մի կողմ թողնելով արտահանման օբյեկտիվ սահմանափակումները:
Արտահանման ծավալների մեծացման և ներմուծման նկատմամբ դրա առաջանցիկ աճի ապահովման առումով ձևավորված բավականին ազատական դաշտը շարունակաբար բարելավվում է` շեշտադրում անելով հատկապես գիտատար և տեխնոլոգիատար արտադրության արդյունքների արտահանման խրախուսման վրա: Այս քաղաքականության հետագա զարգացումը Հայաստանում ընթանալու է տրանսպորտային հարցի այլընտրանքային լուծման ապահովման, արտահանողների սուբսիդավորման և/կամ արտոնյալ վարկավորման գործուն համակարգի, արտահանողների ռիսկերի ապահովագրման, մարքետինգային և որակի կառավարման համակարգերի լիարժեք ներդրման, անդրազգային ընկերությունների ներգրավման ճանապարհով: - Տարածքային զարգացում
Հանրապետությունը կայուն տնտեսական զարգացման հետագիծ դուրս բերելու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը հավասարակշռված բաշխում ունենա նաև աշխարհագրական առումով: Որդեգրված քաղաքականությունը խնդրի կարգավորումը պայմանավորում է տարածքներում գործարար միջավայրի որակի բարձրացմամբ և տարածքների համաչափ սոցիալ-մշակութային զարգացմամբ, որոնց իրականացման գործում առաջնահերթ լուծումներ են պահանջում կառավարման համակարգի կատարելագործման և ենթակառուցվածքների գործունեության բարելավման խնդիրները:
Ելնելով հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունից և տարածքային քաղաքականության գերակայություններից` ՀՀ տարածքների տնտեսական զարգացման մակարդակների միջև առաջացած անհամամասնությունների հաղթահարումն իրականացվում և հետագայում ևս ծավալվելու է տարածքներում կլաստերների ձևավորման և զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Առանձին ոլորտային քաղաքականությունները ներկայացված են համապատասխան բաժիններում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության հաշվետվություններ
Ճյուղային եւ տարածքային տնտեսական զարգացում
2006թ ՀՆԱ-ի աճը և տնտեսության ճյուղերը
Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատված. Զարգացման միտումները
Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծություն
Հայաստանի Հանրապետությունում արհեստագործության զարգացման հայեցակարգ






