Սկիզբ

Հայաստան եւ Եվրամիություն

Սկիզբ > Հայաստան եւ Եվրամիություն

ՀՀ-ԵՄ Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ):

ԳՀՀ-ի հիմնական նպատակներն են`

  • ապահովել համապատասխան հենք Կողմերի միջև քաղաքական երկխոսության համար` նպատակ ունենալով զարգացնել քաղաքական կապերը,
  •  աջակցել Հայաստանի Հանրապետությանը` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու և ավարտելու անցումը շուկայական տնտեսությանը,
  • ամրապնդել օրենքի իշխանությունը, ներառյալ իրավական համակարգի բարեփոխումները,
  • նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին,
  • նպաստել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պաշտպանությանը,
  • հիմք ստեղծել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:

ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները, բացի պաշտպանությունից:

ԳՀՀ շրջանակներում գործում են ՀՀ-ԵՄ Համագործակցության Խորհուրդը, ՀՀ-ԵՄ համագործակցության Կոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը (ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 128 որոշում) և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:

Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»):
Եվրոպական Միության նախաձեռնությամբ Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ: Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր:

Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ Նախագահի 2005 թվականի մայիսի 11-ի ՆԿ 100-Ա կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:

Բանակցությունների 3 փուլերի արդյունքում 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվել և ստորագրվել է ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ):

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 28-ին` Երևանում, երկրորդ փուլը` 2006թ. մարտի 6-7-ը Բրյուսելում և երրորդ փուլը` 2006թ. մայիսի 3-ին Երևանում:

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացումը նշանակալիորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին: Այս համատեքստում ամուր հիմքեր կստեղծվեն հետագա տնտեսական ինտեգրման համար՝ հիմնվելով տնտեսության և առևտրի բնագավառում այնպիսի կանոնների և դրույթների ընդունման և կիրառման վրա, որոնք կխթանեն առևտուրը, ներդրումները և տնտեսական աճը: Ծրագիրը կօգնի մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճին, սոցիալական ներդաշնակեցմանը, աղքատության նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանությանը՝ խթանելով կայուն զարգացման երկարաժամկետ իրականացումը:

Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է համակարգող հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ Նախագահը (ՀՀ Նախագահի 2006 թվականի մայիսի 20-ի ՆՀ 114-Ն հրամանագիր):

ԵՄ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու նպատակով 2005 թվականի փետրվարին ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ԵՄ-ին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսության վերաբերյալ« Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց փաստաթուղթը: Ներկայումս եվրոպական կողմը, համաձայն սահմանված ընթացակարգերի, քննարկում է ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու հարցը:

2005 թվականի մայիսի 1-ին ստեղծվել է ԵՄ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչություն և նշանակվել է ներկայացուցիչ, որի նստավայրը Բրյուսելն է (ՀՀ կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն որոշում): Նշված կառույցի հիմնումը նույնպես ընդգծում է Հայաստանի ցանկությունը` ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Այս քայլը ևս կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը:

2009 թվականի ապրիլի 23-ին Բրյուսելում Եվրոպական Համայնքների Հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակվել է “2008 թվականի Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման” առաջընթացի մասին զեկույցը:

2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը:

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ
հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգ 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի N 1112-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների Հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009թ. հոկտեմբերի 28-ի թիվ 892-Ա հրամանով հաստատվել է Հարկային մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման նպատակով տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը: