Գիտություն եւ ինովացիա
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության գիտատեխնիկական ոլորտն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ, տարբեր հիմնախնդիրներ ունեցող մի համակարգ՝ բաղկացած շուրջ 20 գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպություններից, որոնց թվում կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ, պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, որտեղ իրականացվում են հիմնարար, կիրառական եւ տեխնոլոգիական հետազոտություններ, նախագծակոնստրուկտորական աշխատանքներ եւ դրանց արդյունքների վրա հիմնված փորձնական արտադրություններ: Համակարգի գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղություներն են.
- ֆիզիկա եւ ռադիոֆիզիկա
- քիմիա եւ քիմիական տեխնոլոգիաներ
- կենսատեխնոլոգիա
- լեռնամետալուրգիա
- նյութաբանություն եւ նանոտեխնոլոգիաներ
- էլեկտրատեխնիկա
- սարքաշինություն
- ինֆորմատիկա եւ մտավոր սեփականության պահպանություն:
Համակարգում աշխատողների թիվը մոտ 3000 է, որոնցից 536-ը գիտության թեկնածուներ են, 87-ը՝ դոկտորներ:
2005թ. ընթացքում նախարարության ենթակայության գիտական կազմակերպությունների իրականացրած հիմնարար, կիրառական եւ տեխնոլոգիական հետազոտությունների, նախագծակոնստրուկտորական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 700,0 մլն. դրամ, որից միայն 285,79 մլն. դրամը` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Հաջողությամբ է իրականացվում համագործակցությունը միջազգային խոշոր գիտական կենտրոնների հետ:
Իր գիտական ներուժով եւ միջազգային համագործակցության ծավալով առանձնանում է Ա.Ի.Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որը Հայաստանի հիմնարար և կիրառական գիտության խոշորագույն կենտրոններից մեկն է: Ինստիտուտը իրենից ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող կենտրոն, որտեղ կատարվում են հետազոտություններ բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում: Այստեղ 1967թ-ից գործում է ԱՊՀ երկրների խոշորագույն էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը՝ 4,5 մլրդ էլեկտրոն վոլտ էներգիայով, որն երկարամյա դադարից հետո թողարկվեց վերջերս: Արագած լեռան վրա 1943թ-ից գործում են տիեզերական ճառագայթների ուսումնասիրման բարձրլեռնային 2 կայանները: Ինստիտուտը լայնորեն ներգրավված է միջազգային հիմնադրամների գործունեության մեջ: 1996-2005թթ. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները շահել են ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ: Ինստիտուտը մասնակցում է Եվրոպայի եւ ԱՄՆ բարձր էներգիաների ֆիզիկայի խոշորագույն կենտրոններում կատարվող եւ ծրագրվող գիտափորձերին: Ինստիտուտի գործընկերներն են Գերմանիայում գտնվող գերմանական էլեկտրոնային սինքրոտրոն (DESY) խոշորագույն կենտրոնը, ԱՄՆ Ջեֆերսոնի լաբորատորիան, Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնը (CERN) եւ 40-ից ավելի այլ գիտական կենտրոններ: DESY կենտրոնի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը հնարավորություն է տվել նոր, բարձր վարձատրվող մոտ 50 աշխատատեղ ստեղծել երիտասարդ գիտնականների համար:
«Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ-ում հաջողությամբ շարունակվում են աշխատանքները Հայ-չինական կենսատեխնոլոգիական կենտրոնի շրջանակներում` ամինաթթուների սինթեզի տեխնոլոգիաների համատեղ մշակման ուղղությամբ: Մշակվել են հետեւյալ կենսապարարտանյութերի ստացման տեխնոլոգիաները՝ «Ազոֆոբակտերին -ԱՖ», որն օգտագործվում է հողն ազոտով, ֆոսֆորային պարատանյութերով եւ միկրոէլեմենտներով հարստացման նպատակով, «Ազոտովիտ-1»՝ հանդիսանում է եռակի ազդեցության պարարտանյութ՝ հարստացնում է հողն ազոտով, բույսերի հիվանդությունների հարուցիչները ճնշող հակամանրէներով, հանդիսանում է բույսերի աճի կարգավորիչ, նպաստում է բերքատվության բարձրացմանը:
«Օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ-ի գիտական հետազոտությունների արդյունքում մշակված օրգանական պոլիմերային էլեկտրոլիտների վրա հիմնված քիմիական հոսանքի աղբյուրի (կուտակիչ) հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել համաշխարհային շուկայում ակտիվորեն աշխատող մի քանի ընկերություններ:
«Պլաստպոլիմեր ԳՀԻ» ՓԲԸ-ն ակտիվորեն շարունակում է վինիլացետատի և նրա ածանցյալների սինթեզի բնագավառում հետազոտությունները, մշակվել են հատուկ նշանակության թաղանթների, ապակիների եւ սոսինձների ստացման տեխնոլոգիաները, ինչպես նաեւ նոր պոլիմերային համակարգերի կիրառման տեխնոլոգիաներ կենսաբժշկության մեջ: Կազմակերպվել է պոլիվինիլացետատային դիսպերսիաների արտադրությունը ծխախոտի, պոլիգրաֆիական, փայտամշակող և սննդի արդյունաբերության համար: Բանակցություններ են վարվում արտասահմանյան կազմակերպությունների հետ շուկայի եւ տեսականու ընդլայնման ուղությամբ:
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համակարգում գործող կազմակերպությունների շարքում առանձնանում է Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնը (ԳՏԼՀԿ), որը կարեւոր դեր ունի հանրապետությունում գիտատեխնիկական մտքի զարգացման եւ տնտեսության ինովացիոն քաղաքականության ձեւավորման գործընթացներում: Կենտրոնն իրականացնում է տեղեկատվության բնագավառի ռազմավարական նշանակության հետեւյալ գործունեությունը.
- գիտատեխնիկական լրատվության (ԳՏԼ) համաշխարհային ռեսուրսների կանոնակարգված հավաքագրում, պահպանում եւ սպասարկում,
- ԳՏԼ միասնական եւ ներդաշնակ դաշտի ձեւավորում հանրապետությունում,
- տեղեկատվական մրցունակ համակարգերի ուսումնասիրում,
- հետազոտական աշխատանքների կազմակերպում,
- առաջավոր փորձի փոխանակում եւ կադրերի վերապատրաստում,
- ԳՏԼ սեփական ռեսուրսների ձեւավորում եւ գեներացում,
- ԳՏԼ բնագավառում միջազգային համագործակցության կոորդինացում եւ համաշխարհային տեղեկատվական միջավայրին ինտեգրման գործընթացի ապահովում:
Կազմակերպության կարեւորագույն ստորաբաժանումներից է Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը, որի մասնագիտացված յուրահատուկ ֆոնդերում հաշվվում են շուրջ 22 մլն օրինակ արտոնագրային եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, ֆիրմային եւ արդյունաբերական կատալոգներ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ատենախոսությունների սեղմագրեր եւ այլն: Այսօր գրադարան է մուտք գործում շուրջ 250 անուն պարբերական մամուլ: ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի եւ գրադարանի սերտ համագործակցության եւ բարեգործության արդյունքում 2003թ. մայիսին այստեղ ստեղծվեց Ամերիկյան գիտատեխնիկական գրականության սրահը: Սրահի ֆոնդի զարդն են գիտատեխնիկական հանրագիտարանները: Գրադարանում սկսվել է նոր ստացված ամսագրերի գիտատեխնիկական բնույթի հոդվածների սպասարկումը էլեկտրոնային փոստի միջոցով, նշված հոդվածների լիատեքստ էլեկտրոնային տարբերակները կարող են տրամադրվել On-line ռեժիմով, որը եզակի տեղեկատվական ծառայություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:






