Արդյունաբերություն
Արդյունաբերական քաղաքականություն
Արդյունեբերական քաղաքականությունը միջոցառումների համակարգ է, որն ուղղված է ազգային տնտեսության զարգացմանը, նրա ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, ժամանակակից տեղեկատվական և այլ ծառայությունների, մարդկային կապիտալի զարգացմանը: Նրա ակտիվ և հետևողական իրականացումը, որն ուղղված է անցմանը տնտեսության նորացման և տնտեսավարման ինովացիոն եղանակներին, հնարավորություն կտա բարձրացնել բնակչության կենսամակարդակը, կրճատել աղքատությունը և արժանի տեղ գրավել համաշխարհային տնտեսության մեջ:
Արդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակն է` առավելապես անուղղակի միջոցներով ապահովել պետական կարգավորման արդյունաբերության ներդաշնակ զարգացումը և վերացնել տնտեսական աճը արգելակող խոչընդոտները:
Հանրապետության արդյունաբերական քաղաքականության բնագավառում որպես ելման կետ ընդունվել է հետևյալ մոտեցումը. տնտեսության համաչափ և ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է հաշվի առնել և արդյունավետ օգտագործել տնտեսական և մարդկային ներուժը, ինչպես նաև աշխարհագրական դիրքը:
Ուստի նախարարության գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է տնտեսության հետագա կայունացմանն ու զարգացմանը հետևյալ ուղիներով.
- ազատական տնտեսական քաղաքականության շրջանակներում մրցակցային միջավայրի բարելավում,
- ներդրումային միջավայրի ակտիվացման հետևողական աջակցում,
- միջազգային նորմերին համապատասխանող և գործարարության զարգացմանը նպաստող ներդաշնակ օրենսդրական դաշտի ստեղծում և կատարելագործում,
- հանրապետության տնտեսության ինտեգրում համաշխարհային տնտեսությանը,
- արտահանման հանդեպ ներմուծման բացասական հաշվեկշռի կրճատում, արտահանման կառուցվածքում գիտատար արտադրատեսակների մասնաբաժնի ավելացում,
- ազգային ինովացիոն համակարգի ձևավորում ու զարգացում, գիտության և տնտեսության իրական հատվածի միջև կապերի սերտացում,
- մտավոր սեփականության, հեղինակային և հարակից իրավունքների պահպանության համակարգի հետագա կատարելագործում,
- փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության համակարգի շարունակական կատարելագործում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովում:
Մեր երկրի տնտեսական քաղաքականությունն ուղղված է մրցունակ արտադրությունների խրախուսմանն ու զարգացմանը, որոնք հիմնված են առաջին հերթին ներքին պաշարների վրա: Այդ առումով հանրապետության արդյունաբերական արտադրության մարտավարությունը կառուցվում է նորագույն տեխնոլոգիաների և վարչարարական լուծումների հիմքի վրա: Ընդ որում նախատեսված է աջակցություն ցուցաբերել այն ձեռնարկություններին /անկախ սեփականության ձևից/, որոնք ապահովում են տնտեսական կայունությունը` թողարկելով միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակներ, նպաստում են ներքին և արտաքին կոոպերացիայի զարգացմանը, արտաքին ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեծմանը:






