Սկիզբ

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի համատեղ մամուլի ասուլիսը

Հունվարի 27-ին Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին հունվարի 26-ին և 27-ին իտալական պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում իրականացված աշխատանքները և ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` թվայնացման և ՏՏ ոլորտներում:

Ն. Երիցյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է թվայնացման եվրոպական փորձով և դիմել է եվրոպական բոլոր երկրներին. առաջինն արձագանքել է Իտալիան:

“Իտալիան Եվրոպայում համարվում է անցման տեսակետից լավագույն փորձն ունեցող երկիր, որը կարողացել է ճիշտ հաշվեկշռել սոցիալական և տեխնոլոգիական համադրումները: Այդ առումով իրենց կողմից տրամադրված խորհրդատվությունը շատ արժեքավոր է: Այն, ինչի ձգտում ենք, պետք է հարմարավետ լինի մեր քաղաքացիներին: Իտալիայի հեռուստաընկերությունների թվայնացման եղանակը մեծ պահանջարկ է վայելում”,- նշեց Ն. Երիցյանը:

Պ. Ռոմանիի խոսքով` Իտալիայն, որ 56 մլն բնակչություն ունի և արդեն բավականին փորձ այս ոլորտում, իսկապես կարող է օգտակար խորհուրդներ տալ Հայաստանին` գործընթացն առավել սահուն կազմակերպելու համար:

“Դա մեծ տեխնոլոգիական հեղափոխություն է, որ անհրաժեշտ է անել: Մինչև 2012 թ. այդ անցումը լինելու է ողջ Եվրոպայում: Անցյալ տարի դա արել է ԱՄՆ-ը, ներկայումս անում են Չինաստանը, Բրազիալիան և Ճապոնիան: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հետ մնալ այդ գործընթացից”,- համոզված է Պ. Ռոմանին: