Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի մամուլի ասուլիսը` նվիրված “Զվարթնոց օդանավակայանին կից ազատ տնտեսական գոտի” հիմնելու ծրագրին
Փետրվարի 23-ին, ժամը 13:00-ին, «Դե Ֆակտո» ակումբում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի մամուլի ասուլիսը` նվիրված “Զվարթնոց օդանավակայանին կից ազատ տնտեսական գոտի” հիմնելու ծրագրին:
Արմեն պրեսս
«Զվարթնոց» օդանավակայանում մինչեւ տարեվերջ կմեկնարկի ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը
«Զվարթնոց» օդանավակայանում մինչեւ տարեվերջ կմեկնարկի ազատ տնտեսական գոտու ստեղծման պիլոտային ծրագիրը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, ծրագրի նպատակն է ավելացնել գյուղմթերքների արտահանման ծավալները, նպաստել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաեւ միջազգային շուկայում հայկական գուղմթերքների բրենդի ձեւավորմանը: Նրա տեղեկացմամբ, ներկայումս ընթանում են ծրագրի նախապատրաստական աշխատանքները. 2009թ-ին Հայաստան է հրավիրվել փորձագետ «Ֆլորա Հոլանդ» ընկերությունից, որը աշխարհում ծաղկի ամենամեծ առեւտրով զբաղվող լոգիստիկ կենտրոն է: Փորձագետի հետ արդեն մշակվել է ազատ տնտեսական գոտու լոգիստիկ կենտրոնի բիզնես մոդելը: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը` «Զվարթնոց» օդանավակայնի կառավարիչը, ներկայումս փորձագետի, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ մշակում է ազատ տնտեսական գոտու լոգիստիկ կենտրոնի բիզնես ծրագիրը: Հ. Միրզոյանի տեղեկացմամբ, ծրագրով նախատեսվում է հանրապետության գյուղական շրջաններում ստեղծել մթերքի հավաքման պիլոտային կետեր, որպեսզի գյուղացիներն իրենց արտադրանքն արագ պահեստավորեն, ապա վաճառեն արտահանողներին, իսկ օդանավակայանի տարածքում կլինեն պահեստավորման, փաթեթավորման կետեր: Ըստ վարչության պետի` արդեն ստեղծվել են գյուղմթերքների հավաքման 3 կետեր: Այժմ ընթանում են ծրագրի համակարգման խորհրդի ստեղծման աշխատանքները: Հ. Միրզոյանը հիշեցրեց, որ ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողներն ազատված են շահութահարկից, մաքսային տուրքերից, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկից: Ներկայումս աշխատանքներ են տարվում ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի մշակման ուղղությամբ: 2009թ-ի վիճակագրական տվյալներով, Հայաստանից արտահանվել է 19 մլն դոլարի գյուղմթերք: Ըստ Հ. Միրզոյանի` ազատ տնտեսական գոտու հայեցակարգով նախատեսվում է արտահանման ծավալների տարեկան 20 % աճ: «Գյուղացին ինքն է որոշում` իր արտադրանքը ում վաճառի: Բոլորն էլ կարող են գյուղացուց գնել արտադրանքը եւ արտահանել: Դա չի նշանակում, որ մեր գյուղմթերքը արտահանվելու է միայն օդանավակայանի միջոցով: Ունենք նաեւ տարբեր ուղիներ»,- ասաց Հ. Միրզոյանը` վստահեցնելով, որ մրցակցությունը կպահպանվի եւ մոնոպոլիզացիայի խնդիր չկա:






