Նորություններ
Նոր հեռանկարներ հայ-քուվեյթական հարաբերություններում
Մարտի 9-11-ը Հայաստանում է գտնվում Քուվեյթի պետությունից ժամանած պատվիրակությունը`Քուվեյթի պետության ֆինանսների նախարարության ներդրումային համաձայնագրերի վարչության պետ Ալի Ալ Մեթայրեֆի գլխավորությամբ:
Քուվեյթցի պաշտոնյաների այցի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների անցկացումն ու նախաստորագրումն էր: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել նախագծի բոլոր կետերի շուրջ:
Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի պետության միջև ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման համաձայնագրի նախաստորագրում Քուվեյթի պետության ֆինանսների նախարարության ներդրումային համաձայնագրերի վարչության պետ Ալի Ալ Մեթայրեֆի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանի կողմից:
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպել է Ալի Ալ Մեթայրեֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ հայ-քուվեյթական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կխորանան մոտ ապագայում` մասնավորապես այդ հարցում կարևորելով Քուվեյթում Հայաստանի նորաստեղծ դեսպանության դերը:
Նախարարի խոսքով անհրաժեշտ է քննարկել և որոշել համագործակցության համար առավել հեռանկարային ուղղություններ և համատեղ իրականացման համար կոնկրետ ծրագրեր մշակել:
Ալի Ալ Մեթայրեֆին շնորհակալություն է հայտնել Ներսես Երիցյանին հայկական կողմի ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով, բանակցային գործընթացը բարեհաջող ավարտվելուց հետո նախաստորագրված պայմանագիրն իր երկրում որոշակի ընթացակարգ է անցնելու և 2010թ. ավարտին ներկայացվելու է ստորագրման:
Նա նաև վստահեցրել է նախարարին, որ քուվեյթական կողմը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ և շեշտել, որ երկու երկրների գործարարների, առևտրի պալատի ներկայացուցիչների, ինչպես նաև արդյունաբերողների անհատական հանդիպումների արդյունքում կարելի է բացահայտել համագործակցության նոր` հեռանկարային փոխշահավետ հնարավորություններ:






