Նորություններ
Հուլիսի 1-ին, առաջին անգամ Հայաստանում, կմեկնարկի ԱՐԵՎ առաջնամագլցման մեկամսյա բաց փառատոնը
Հունիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ԱՐԵՎ փառատոնին նվիրված ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ ԱՊՐԵՍՅԱՆԸ և ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոնի կազմակերպիչ, "Up The Rocks" ակումբի ղեկավար Մխիթար ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ներկայացրեցին միջոցառմանն առնչվող մանրամասներ և պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԵՎ Առաջնամագլցման Բաց Փառատոն
Ժայռամագլցումն այսօր մեծ տարածում է գտել աշխարհում, և բազում երիտասարդներ այն ընկալում են որպես իրենց կենսակերպի անբաժանելի մաս: ԱՐԵՎ փառատոնն այդ երիտասարդությանը կմիավորի Հայաստանում` վերջինս վերածելով բազմադեմ տուրիստական հանգրվանի` գրավիչ ոչ միայն գեղեցիկ բնություն և դարավոր մշակույթ փնտրող զբոսաշրջիկի, այլև ակտիվ և առողջ հանգստի սիրահարների համար:
Առաջնամագլցում (First Ascent – in the rock climbing terminology) արտահայտությունը ժայռամագլցման մեջ նշանակում է` ընտրել ժայռի այն հատվածը, որտեղով երբևիցե որևէ մեկը չի մագլցել: Հայաստանում կան բազում այդպիսի ժայռեր, որոնք ունեն ժայռամագլցման հանրահայտ վայրեր դառնալու մեծ հնարավորություն: Հաշվի առնելով նաև ժայռերի շրջապատում առկա հայաստանյան գեղեցիկ բնապատկերները` դրանք կարող են դեպի Հայաստան գրավել բազում զբոսաշրջիկների և պրոֆեսիոնալ ժայռամագլցողների:
"Up The Rocks" ակումբը նպատակ ունի այս տեսլականի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել` ս. թ. հուլիսի 1-ից 31-ը կազմակերպելով ԱՐԵՎ Առաջնամագլցման Բաց Փառատոնը:
Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել ժայռամագլցումը և դրանով իսկ խթանել զբոսաշրջությունը` ներգրավելով օտարերկրացիների, ինչպես նաև հայ երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ժայռամագլցմամբ: Փառատոնն այդ երիտասարդներին հնարավորություն կտա դիտել պրոֆեսիոնալ ժայռամագլցողների վերելքը, սովորել ժայռամագլցման հիմնային տեխնիկան` փորձ ձեռք բերելով այն ուղիներով, որտեղով արդեն փորձառու մագլցողներն են բարձրացել և որոնք անվտանգ են: Փառատոնի վերջում ամենաակտիվ և հետաքրքրված երիտասարդները կներգրավվեն "Up The Rocks" ակումբում և հնարավորություն կունենան շարունակել վարժանքները` հմտանալու այս ոլորտում:
Փառատոնի ծրագրում ներառված են տարբեր ժայռամագլցման վայրեր. Գառնիի կիրճ (բազալտե սյուներ), Իջևանի լեռնաշղթա (կրաքարային ժայռեր), Նորավանքի կիրճ (կրաքարային ժայռեր) և Բջնիի կիրճ (բազալտե սյուներ):
Փառատոնի մագլցողների խումբը կազմված կլինի տարբեր երկրների պրոֆեսիոնալներից, իսկ սկսնակների խումբը տեղացի երիտասարդներից` ովքեր կցանկանան միանալ ճամբարին:
ԱՐԵՎ Առաջնամագլցման Բաց Փառատոնի աջակիցներն են `
• ՀՀ էկոնոմիկայի Նախարարությունը
• Հայաստանի Ժայռամագլցման և Լեռնագնացության Ֆեդերացիան
• Սպիտակ Փրկարարական Կենտրոնը:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են`
www.climbing.com; www.planetmountain.com; www.8a.nu; www.czechclimbing.com; www.lezec.com; www.mountain.ru; www.risk.ru; www.baurock.ru
Փառատոնի մասին մանրամասն տեղեկանալու համար այցելեք` www.uptherocks.com






