Շուկա եւ մրցակցություն
Հայաստանի Հանրապետությունում մրցակցային միջավայրի բարելավման և շուկայի պաշտպանության ոլորտի ՀՀ պետական տնտեսական քաղաքականությունն ուղղված է ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և համալրմանը, առկա օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկման առավել արդյունավետ լծակների ներդրմանը, ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, հայրենական արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը, բարեխիղճ մրցակցային դաշտի ձևավորմանը և հակամրցակցային գործունեության կանխարգելմանը:
Մրցակցային միջավայրի բարելավման և շուկայի պաշտպանության ոլորտի ՀՀ պետական տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
- բաց շուկաների և արդար առևտրի ապահովում,
- անկողմնակալ և թափանցիկ կերպով օրենսդրության կիրարկում,
- ԱՀԿ կանոնների և սկզբունքների կիրառման ապահովում,
- համակարգի բարեփոխումների խթանում:
ՀՀ կառավարության կողմից իրականացված հետևողական տնտեսական քաղաքականության արդյունքում 2003 թվականին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես անդամակցեց Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը /ԱՀԿ/, ինչը մեծ իրադարձություն էր մեր երկրի համար` համաշխարհային տնտեսությանը շահավետ կերպով ինտեգրվելու, ներքին շուկայի սահմանափակության բացասական ազդեցությունը չեզոքացնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում արտաքին ոչ նպաստավոր ազդեցություններին հաջողությամբ դիմակայելու առումով: Այդ կառույցին Հայաստանի անդամակցությամբ հայրենական արտադրողների համար հնարավորություն ստեղծվեց մուտք գործել նոր շուկաներ և մասնակցել միջազգային մրցակցությանը, իսկ պետության համար` անհրաժեշտության դեպքում կիրառել «պաշտպանական» գործողություններ: ԱՀԿ Պաշտպանական միջոցառումների մասին համաձայնագիրը հիմք հանդիսացավ պետությունների կողմից այսպես կոչված «մոխրագույն գոտիներ» («grey area») միջոցառումների (արտահանման չափավորում, արտահանվող գների դիտանցման համակարգ, արտահանման և ներմուծման հսկողություն, հարկադիր ներմուծման կարտելներ, արտահանման և ներմուծման հայեցողական լիցենզավորման համակարգ և այլն) արգելման համար:
Հայաստանում ազատ շուկայական տնտեսության զարգացման և մրցակցային միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծման և կատարելագործման նպատակով, ԱՀԿ անդամակցությանը նախորդող ժամանակաշրջանում, ի թիվս այլ օրենքների, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին`
- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը /ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին /: Այն կարգավորում է շուկայի մասնակիցների հարաբերությունները` կապված անբարեխիղճ մրցակցության տարբեր դրսևորումների հետ: Օրենքի համաձայն ձևավորվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որի խնդիրներն են` տնտեսական մրցակցության պաշտպանումը և խրախուսումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը:
- «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը /ընդունված է 2001 թվականի ապրիլի 18-ին /: Այն կարգավորում է Հայաստանի տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառման հետ կապված հարաբերությունները:
- «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը /ընդունված է 2002 թվականի հունիսի 19-ին /: Այն կարգավորում է Հայաստանի տարածք ներմուծվող և տնտեսության ճյուղերին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների ներքին կիրառման հետ կապված հարաբերությունները: Վերոնշյալ օրենքների ընդունումը պայմանավորված էր Հայաստանում տնտեսության զարգացման այդ փուլի առանձնահատկություններով, որոնք, ի թիվս այլ հարցերի, պահանջում էին ներքին շուկայի արդյունավետ պաշտպանության և ազատ մրցակցության համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորում և ամրապնդում: Միաժամանակ, նշված օրենքների ընդունումը պետությանը հնարավորություն է տալիս, անհրաժեշտության դեպքում, համարժեք քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածք աճող ծավալներով կամ գնագցող ներմուծումների դեպքում ներքին արտադրողներին (տնտեսության ճյուղերին) պաշտպանելու համար:
Այդ համատեքստում ընդունվեցին նաև.
- «Քանակական սահմանափակումների և սակագնային քվոտաների կիրառման դեպքում ներմուծման թույլտվությունների տրամադրման կարգը» /ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N1161-Ն որոշում /
- «Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառման նպատակով խորհրդակցությունների անցկացման կարգը» /ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 04.10.2005 N 206-Ա հրաման /:
- «Ապրանքի սովորական արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման կարգը» / ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30 N 1770-Ն որոշում/
Մրցակցային միջավայրի ձևավորման և շուկայի պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը, գտնվելով մասնավոր ձեռնարկատիրական և հասարակական տնտեսաիրավական հարաբերությունների կիզակետում, ուղղված է դրանց արդյունավետ փոխհարաբերակցության հաստատմանը, որի հաջողությունը կախված է ոչ միայն մրցակցային օրենսդրության լիարժեք կիրառումից, այլ նաև շուկայի մասնակիցների միջև գործարար քաղաքակիրթ սովորույթների առկայությունից:






