Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Հրապարակումներ


Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ

Երկրորդ սերնդի բարեփոխումները վերադառնում են.Արդյունքները ակնհայտ կլինեն տարեվերջին


Քաղաքական ու սոցիալական ցնցումներ, շոկ, պատերազմ... Այսպես սկսվեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը։ Անգամ պատերազմում հաղթանակած երկրի համար կորուստները շատ մեծ էին լինելու... «Մենք սկզբունքորեն պատրաստ չէինք շուկայական նոր հարաբերություններին։ Մենք կանգնեցինք փաստի առջեւ։ Ոչ ոք չգիտեր ինչ անել եւ ինչպես պահել երկիրը բոլորի համար անհասկանալի մի նոր համակարգում»,–հիշում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով 20 տարի առաջ ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում գլխավոր մասնագետ էր աշխատում։ Խորհրդային Միության փլուզումից հետո երեք հիմնարար փոփոխություններ տեղի ունեցան նորանկախ Հայաստանի տնտեսական իրականության մեջ. փակ երկրից դարձանք բաց երկիր, մեծ շուկայից փոքր շուկա եւ պլանային համակարգից անցանք շուկայականին։ Դրանց էլ ավելացրած պատերազմական իրավիճակը։ Թվարկված գործոններից անգամ մեկը եթե տեղ է ունենում որեւէ երկրի կյանքում, այդ երկիրն արդեն ծանր իրավիճակում է հայտնվում։ Տ. Դավթյանի գնահատականներով, փոխվեց տնտեսական համակարգը, ինչն արդեն իսկ սթրես էր։ Սակայն նաեւ հասկանալի է՝ այդ իրավիճակում սպասել չէր կարելի, ժամանակը չէր ների։ Անհրաժեշտ էին արմատական ռեֆորմներ, ինչին էլ գնաց պետությունը։ Առաջինը շուկայական ռեֆորմն էր։

 

Անցումը ծանր էր եւ ցավագին

Ռեֆորմների առաջին փուլը ձգվեց մինչեւ 90-ականների վերջ։ Անկախացման առաջին տասնամյակը Հայաստանի տնտեսության ամենածանր շրջանն էր։ Կորսվեց գրեթե ամեն ինչ՝ տնտեսության մոտ 80 տոկոսը։ Մնացին միայն այն հատվածները, որոնք ինչ-որ չափով պետք է գոյատեւին նաեւ ապագայում։ Տնտեսությունն, ըստ էության, ամբողջությամբ տապալվեց, եւ պարզ դարձավ, որ հին տնտեսության վրա շատ դժվար է լինելու նորը ստեղծել։ Պետք էր ամեն ինչ սկսել զրոյից։ Միաժամանակ սկսվեց կապիտալի եւ հողի սեփականաշնորհման գործընթացը, գների եւ արտաքին առեւտրի ազատականացումը։ Բացվեցին դրսի շուկաները (իրականում երկիրը գտնվում էր գրեթե կատարյալ շրջափակման մեջ), եւ մենք դարձանք գլոբալ տնտեսության ինչ-որ մի մասը՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումներով։ Անկախացման առաջին 5 տարիներին այնպիսի հիմնավոր փոփոխություններ տեղի ունեցան, որոնք փոքրացրին տնտեսության մասշտաբները՝ ստեղծելով ծանր վիճակ։ Կային այնպիսի ոլորտներ, որոնք իսպառ դուրս եկան մեր շուկայից. խոսքը մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի, թեթեւ արդյունաբերության մասին է։ Այստեղ անկումը լավագույն դեպքում կազմեց 80 տոկոս։ Էկոնոմիկայի նախարարը ցավով է հիշում իր աշխատանքային կարիերայի սկիզբը հանդիսացած «Ձերժինսկու հաստոցաշինական գործարանի» եւ, առհասարակ, այս ոլորտի մյուս գործարանների ճակատագիրը նոր շուկայական հարաբերություններում՝ «Ձերժինսկու» արտադրանքը հասնում էր 30 երկրներ։ Ցավոք, այն այսօր գրեթե անգործության է մատնված։ Ինչպես ընթացավ բարեփոխումների առաջին փուլը, մասնագետներն անգամ հիմա են դժվարանում միարժեք եւ հստակ գնահատական տալ։ Իրականում մինչեւ 1997 թվականը ոչ թե ռեֆորմների, այլ բուն ռեֆորմների նախապատրաստման փուլն էր, երբ սաղմնավորվեցին որոշակի նոր ենթակառուցվածքներ, գտնվեցին նոր լուծումներ, վերագործարկվեց ատոմակայանը, նոր շուկաների հեռանկարներ բացվեցին եւ ամենակարեւորը՝ եղան հոգեբանական փոփոխություններ։ Ինչպես օրինակ՝ էլեկտրաէներգիայի սպառման նկատմամբ երկրի եւ հասարակության վերաբերմունքը փոխվեց։ Անխնա ծախսումից անցում կատարեցինք խնայողական ռեժիմին, ինչին հարմարվեց անգամ տնտեսությունը, որտեղ սկսեցին առաջին պլան մղվել պակաս էներգատար ճյուղերը։

 

Որոշողը շուկան է եւ ոչ թե աթոռներին նստած մարդիկ

1998-ից հետո սկսվեց շինարարության, ծառայությունների, ադամանդագործության, հանքարդյունաբերության, իսկ մի փոքր ավելի ուշ նաեւ ՏՏ ոլորտների զարգացումը։ Ընդհանուր առմամբ, 1997-98-ից հետո տնտեսության վերականգնողական շրջանն էր, որին հաջորդեց զարգացման փուլը, ինչը ձգվեց մինչեւ 2008թ. ճգնաժամը։ Այս շրջանում երկրի տնտեսական կյանքը սկսեց շնչել։ Իսկական բում էր շինարարության, էներգետիկ եւ ադամանդագործական հատվածներում։ Նշված ոլորտները կարողացան առավել արագ համակերպվել նոր շուկայավարման մոդելներին եւ պահանջներին։ Շատ դեպքերում կարեւոր դեր խաղացին նաեւ միջազգային շուկաներից եկող ազդակները։ Մեծանում էր պղնձի, մոլիբդենի, ինչպես նաեւ ակնագործական զարդերի նկատմամբ համաշխարհային պահանջարկը, որոնք իրենց հերթին հանգեցնում էին գների աճին՝ լավ նախադրյալներ ստեղծելով մեր երկրում հանքարդյունաբերության եւ ադամանդագործության զարգացման համար։ Մեզ վրա առաջին անգամ սկսեցինք զգալ համաշխարհային տնտեսության ազդեցությունները, ինչը նշանակում էր, որ նաեւ մենք ենք նրա մի մասը։ «Չնայած խորհրդային բեգրաունդիս, ես լիբերալ մոտեցումներ ունեմ եւ գտնում եմ, որ շատ բաներ որոշում է շուկան, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք նստած են աթոռներին»,–խոստովանում է էկոնոմիկայի նախարարը։ Գլոբալ տնտեսական զարգացումներն իրականում ամենից շատ են ազդում առանձին տնտեսությունների եւ ճյուղերի զարգացման վրա։ Նույն ադամանդագործությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկսվելուն պես սկսեց անկում ապրել։ Անգամ զարգացած երկրներում հասարակության եկամուտների նվազումը հանգեցրեց ադամանդե զարդերի նկատմամբ պահանջարկի նվազմանը։ Եվ բնական էր, որ ադամանդագործությունը մեզ մոտ պետք է նահանջ ապրեր։ Շինարարական վերելքը եւս կանգ առավ։ 2000 թվականի սկզբներին այս ոլորտում մեծ շահութաբերություն կար։ Հիմա այն ընկել է մի պարզ պատճառով. առաջարկն ու պահանջարկը հավասարակշռվել են։ Շահութաբերությունը սկսեց հոսել իր համար առավել գրավիչ տեղեր։ Հետեւաբար ոլորտները նաեւ ժամանակի կտրվածքով են զարգանում։ 2008 թվականին տնտեսական զարգացումը կայունացավ, եւ այլեւս զգացվում էր բարեփոխումների նոր փուլի, ինչպես հետագայում այն կոչվեց՝ երկրորդ սերնդի բարեփոխումների անցման անհրաժեշտությունը։ Դրա համար բոլոր բավարար հիմքերը ստեղծված էին՝ ազատ առեւտրի անցում, միջազգային կառույցներին անդամակցություն եւ այլն։ 2008 թվականին, երբ նոր կառավարություն ձեւավորվեց, հասկանալի էր, որ առավել հավակնոտ ծրագրեր են անհրաժեշտ՝ հիմնված նոր գիտելիքների վրա։ Եվ մինչ տրվում էր երկրորդ սերնդի բարեփոխումների մեկնարկը, վրա հասավ համաշխարհային ճգնաժամը։ Իրականում բարեփոխումների գործընթացն էլ ավելի վաղ կանգնեց ֆորսմաժորային իրավիճակի առջեւ։ Ընդամենը երեք ամիս ձեւավորված նոր կառավարությունը դեռ նոր էր սկսում գործնական քայլեր ձեռնարկել, երբ սկսվեց ռուս-վրացական պատերազմը։ Փակվեցին ճանապարհները, ըստ էության, Հայաստանը դրսի աշխարհի հետ կապող միակ զարկերակը։ Տարածաշրջանային ճգնաժամը, իր հետեւանքներով, ֆինանսատնտեսականից ավելի շուտ տեղ հասավ։ Երկիրը փակ սահմանների պայմաններում ստիպված անցում կատարեց արտակարգ ռեժիմի կառավարմանը։ Տ. Դավթյանը այս առումով սիրում է պատկերավոր համեմատություն անել՝ երբ ինքնաթիռում ավտոպիլոտն անջատվում է, անցնում են ձեռքով կառավարմանը։ Մեզ մոտ էլ 2008 թվականի օգոստոսին տնտեսությունն անցավ «ձեռքով կառավարման» ռեժիմին։ Սա, իհարկե, երկար չտեւեց։ Սակայն չանցած եւս երեք ամիս, դեկտեմբերից արդեն աշխարհի բազմաթիվ զարգացած ու չզարգացած երկրների հետ մտանք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքի մեջ, որի ազդեցություններից հիմա նոր ենք դուրս գալիս։ Այսպիսով, եթե 2008-ին սկսված երկրորդ սերնդի բարեփոխումները չսառեցվեցին, ապա լրջորեն դանդաղեցին, եւ հիմա տնտեսության զարգացման համար պատասխանատու բոլոր մարմինները վերադառնում են ծրագրերի իրագործման այն տեղը, որտեղ կանգ էին առել։ Հարկ է նկատել, որ անգամ ճգնաժամի ընթացքում բավականին աշխատանքներ (այդուամենայնիվ) կատարվել են՝ տեսչական ստուգումների կանոնակարգում, բիզնես մթնոլորտի բարելավում, հարկային, մաքսային ընթացակարգերի բարելավում եւ այլն։

 

Որպեսզի եկամուտներն աճեն ավելի արագ, քան գները

Այսօր երկրի տնտեսության արագ եւ կայուն զարգացումը հրամայական է։ Էկոնոմիկայի նախարարն այս հարցի լուծումը տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծմամբ։ Աշխատատեղերը ավելացնում են հարկային մուտքերը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս մի շարք սոցիալական խնդիրների լուծման, եւ ամենակարեւորը՝ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար։ Սակայն կենսամակարդակի բարձրացումը նպատակ է, իսկ միջոցը՝ տնտեսության զարգացումն է։ Միայն այս տարվա ընթացքում ձեռք է բերվել 80 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումների պայմանավորվածություն տնտեսության մեջ։ Դրանք կլինեն թե արտաքին եւ թե ներքին միջոցներ։ Ինչպես նկատում է Տ.Դավթյանը, սա պետության ուղղակի գործողությունների արդյունք է, եւ սա այն դեպքն է, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ աշխատելով ստանում է տեսանելի արդյունքներ։ Մինչեւ տարեվերջ 64 ձեռնարկություններում կկատարվեն լուրջ ներդրումներ, ընդ որում՝ դրանցից 15-ը կլինեն միանգամայն նոր ձեռնարկություններ։ Արդեն իսկ գործարկվել են «Արքիմեդ» դեղագործական ընկերությունը, «Արարատ ջուսը», «Պեպսին», Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը եւ այլն։ Նրանց շարքերն առաջիկա ամիսներին կհամալրվի։ Իսկ մյուս ձեռնարկություններում, ինչպես օրինակ՝ «Արմենիան մոլիբդեն քոմփնին» է, կապիտալ ներդրումային մեծ ծրագրեր են իրականացվում։ «Սա իրական հատվածում բավականին լուրջ ծավալ է։ Վերջին տարիներին նման արդյունքներ ես չեմ հիշում։ Այս ձեռնարկությունները մինչեւ 3,5 հազար նոր աշխատատեղեր կստեղծեն»,–նշում է էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքերով, սա չնայած առավելագույն արդյունքը չէ, բայց արդեն դրական միտում է, եւ եթե այս տեմպը պահպանվի, ինչում խորապես համոզված է նախարարը, առաջիկա տարիներին տնտեսությունը մեծ ձեռքբերումներ է ունենալու։ Միակ հնարավոր շեղումը, ինչից այս պահին ամենից շատ են վախենում կառավարությունում, նոր ռեցեսիայի սկսվելն է։ Հուլիս ամսվա դրությամբ, անցած տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ, արդյունաբերական հատվածում գրանցվել է 10,2 տոկոս աճ, արտահանման ծավալներն աճել են 33 տոկոսով, իսկ ներդրումներն ավելացել շուրջ 20 տոկոսով։ Սակայն մաթեմատիկական թվաբանությունն այլ բան է, մարդկանց ամենօրյա հոգսերն ու կենսամակարդակը՝ մեկ այլ։ Այսօր շարքային հայաստանցին հազիվ թե զգում է վիճակագրական ծառայությունում հաշված աճերի արդյունքները։ Անցած մի քանի տարիներին աշխատավարձերը կա՛մ ընդհանրապես չեն բարձրացել, կա՛մ էլ գնաճին ոչ համարժեք են բարձրացել։ Այժմ կառավարության կարեւոր խնդիրներից է եկամուտներ/գնաճ սալդոյի կրճատումը, որպեսզի բնակչության եկամուտների աճի տեմպը լինի ավելի բարձր, քան ինֆլյացիայինը։ Այս առումով արդեն իսկ կան որոշակի արդյունքներ, սակայն կառավարությունում դեռ չեն շտապում թվեր հրապարակել. դրանք կլինեն տարեվերջին։ Ինչպես խոստանում է էկոնոմիկայի նախարարը, կենսամակարդակի թեկուզ շատ փոքր, բայց աճ կնկատվի, եւ դա վերջին երեք տարիների ընթացքում առաջին նման տեղաշարժը կլինի։

                                                                                                                                                                          Գայանե Հովակիմյան 

 

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577