Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Տեղեկատվական տեխնոլոգիաներ/ Գիտություն և ինովացիա

Գիտություն և ինովացիա

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտատեխնիկական ոլորտն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ, տարբեր հիմնախնդիրներ ունեցող մի համակարգ՝ բաղկացած շուրջ 12 գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպություններից, որոնց թվում կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որտեղ իրականացվում են հիմնարար, կիրառական և տեխնոլոգիական հետազոտություններ, նախագծակոնստրուկտորական աշխատանքներ և դրանց արդյունքների վրա հիմնված փորձնական արտադրություններ:

 

Համակարգի գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղություներն են.

  • ֆիզիկա և ռադիոֆիզիկա
  • քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ
  • լեռնամետալուրգիա
  • նյութաբանություն և նանոտեխնոլոգիաներ
  • էլեկտրատեխնիկա
  • սարքաշինություն
  • ինֆորմատիկա և մտավոր սեփականության պահպանություն:

 

«Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ-ում կատարվում են հետազոտություններ և մշակումներ լազերային գերկարճ ճառագայթման և արագագործ մանրաթելային համակարգերի չափման միջոցների և դրանց մեթոդների մշակման ուղղությամբ: Մշակվում և արտադրվում են հատուկ նշանակության օպտիկաէլեկտրոնային սարքեր: Ընկերության կողմից սինթեզվել և հետազոտվում են օրգանական պոլիմերային կիսահաղորդիչ նյութեր (այդ թվում` նանոչափ) և նանոկոմպոզիտներ: Ստացված նյութերի հիման վրա մշակվում են այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչ մասեր` պոլիմերային կուտակիչներ և արեգակնային ֆոտոփոխակերպիչներ, որոնց հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել համաշխարհային շուկայում աշխատող մի քանի ընկերություններ: Գիտական համագործակցություն է իրականացվում ԱՊՀ երկրների (ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի) գիտական կազմակերպությունների հետ:

 

Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից է Երևանի «Պլաստպոլիմեր» ՓԲԸ-ն: Ինստիտուտը պոլիմերների քիմիայի բնագավառում ԱՊՀ երկրներում ևս առաջատար կազմակերպություն է: Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունը կապված է բարձր մոլեկուլային քիմիայի հետ: Ընկերության մշակումները և հետազոտություններն ընդգրկում են վինիլային մոնոմերների սինթեզի, դրանց սինթեզման պրոցեսների համար կրիչների և կատալիզատորների մշակման, վինիլացետատի հիմքով պոլիմերների սինթեզի բնագավառները: Ընկերության կողմից մշակվել են հատուկ նշանակության թաղանթների, ապակիների և սոսինձների ստացման տեխնոլոգիաներ, ինչպես նաև նոր պոլիմերային համակարգերի կիրառման տեխնոլոգիաներ կենսաբժշկության մեջ և վնասատուներից բույսերի պաշտպանության նոր պոլիմերային նյութերի ստացման էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ գյուղատնտեսության համար: Կազմակերպվել է պոլիվինիլացետատային դիսպերսիաների արտադրություն ծխախոտի, պոլիգրաֆիական, փայտամշակող և սննդի արդյունաբերության համար: Պոլիմերների քիմիայի բնագավառում ինստիտուտը համագործակցում է ռուսաստանյան և արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ: Ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական տեխնիկական կոմիտե (ՄՏԿ-218), որը Միջպետական խորհրդի ներքո (ք.Մինսկ) իրականացնում է նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակման գլխավոր գործառույթները ԱՊՀ երկրներում վինիլացետատի, ինչպես նաև վերջինիս հիմքով պոլիմերների սինթեզի բնագավառում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող ենթակառույցների շարքում առանձնանում է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ), որի հիմնական նպատակն է տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ձևավորումն ու ներդրումը, գիտատեխնիկական տեղեկատվության և գրադարանային ծառայությունների մատուցումը: Կենտրոնը հարթակ է հանդիսանում նորարարների և ձեռներեցների միջև երկարաժամկետ հարաբերությունների ձևավորման համար: Կազմակերպության առաքելությունն է` աջակցել մտավոր սեփականության առևտրայնացմանը, գիտատար մշակումների և առաջատար տեխնոլոգիաների շուկայի ձևավորմանը, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային համապատասխան ենթակառուցվածքների հետ համագործակցությանը: Նախանշված նպատակի իրագործման համար Կենտրոնում իրականացվում է «Համագործակցության նախագիծ», որի նպատակն է աջակցել գիտատեխնիկական, արտադրական և նորարարական տարբեր մակարդակի ծրագրերի և նախագծերի, արդյունաբերության տարբեր ճյուղերում կիրառելու ներուժ պարունակող ներդրումային նախագծերի իրականացմանն օժանդակող տեղեկատվական խնդիրների լուծմանը: Նախագծի նպատակին և խնդիրներին համապատասխան կատարվում են աշխատանքներ «Գործարար/տեխնոլոգիական պահանջարկ», «Հայ գյուտարարներ», «Փորձագետներ և մասնագետներ», «Ինովացիոն գործունեության սուբյեկտներ», «Մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպություններ» ազգային տեղեկատվական ռեսուրսների բազաների ձևավորման և համալրման ուղղությամբ: Կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ազգային տեղեկատվական կենտրոն, որի հիմնական ուղղվածությունը համաշխարհային գիտատեխնիկական լրատվահոսքի համատեղ ձևավորումն ու օգտագործումն է: ՆՁԱԿ-ն ունի տեխնիկական և ՏՏ որոշակի ներուժ` վեբ-կայք, ներքին համակարգչային ցանց, ավտոմատացված տեղեկատու-որոնողական համակարգեր` IRBIS, ALEF` 124 հազ. անվանում: Կենտրոնում գործում է էլեկտրոնային ընթերցասրահ, որն ընձեռում է միջազգային (EBSCO-Publishing, SAGE Publishing, Britanica Online Encyclopedia, Oxford Reference Online) և Եվրասիական, ԱՄՆ, ՌԴ արտոնագրային, «BAGIRA» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տվյալների բազաներից օգտվելու, ինչպես նաև էլեկտրոնային առաքման հնարավորություն: Կենտրոնի վարչական կառուցվածքում գործում է գիտատեխնիկական գրադարանը` իր բազմաբնույթ հիմնապաշարներով, որն իրականացնում է գիտատեխնիկական համապատասխան ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրում, մշակում, պահպանում և սպասարկում` ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ: Իր եզակի բնույթով և ծավալով առանձնանում է արտոնագրային ֆոնդը, որն ընդգրկում է 17 մլն. անվանում արտոնագրային փաստաթուղթ` տարբեր փաստաթղթային կրիչներով: Այն նպատակ ունի հետագայում ընդլայնել իր գործունեությունը` տեխնոլոգիական առաջարկների և պահանջարկների փորձագիտական քննությունների անցկացման, բիզնես պլանների կազմման ուղղությամբ:

 

«Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում իրականացվում են հետազոտություններ ռադիոֆիզիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառներում: Ընկերության հիմանական գիտական ուղղություններն են` էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը, անտենաների տեսությունը և տեխնիկան, ռադիոալիքների և անտենաների բնութագրերի չափման նոր մեթոդները և սարքավորումները, ռադիոհոլոգրաֆիան, անտենաների չափագիտությունը: Ինստիտուտի կողմից հիմնադրված և հետագայում զարգացած երեք կարևորագույն գիտատեխնիկական ուղղություններն են`

  • երկհայելի սֆերիկ մեծ անտենաների տեսությունը, նախագծումը և կառուցումը,
  • ճառագայթող (ցրող) օբյեկտների էլեկտրական դաշտերի բնութագրերի մոտակա տարածքի չափման մեթոդը, տեսությունը և սարքավորման գործող համակարգերի ստեղծումը,
  • անտենաների չափագիտությունը (մետրոլոգիա) և ազգային էտալոնների ստեղծումը:

 

Ինստիտուտում մշակվել է նոր ռազմավարական հայեցակարգ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի գոյություն ունեցող գիտատեխնիկական ներուժն օգտագործել ժամանակակից պայմաններում ինստիտուտի զարգացման և նոր գիտատեխնիկական ծրագրերի իրագործման համար:



Վարչության կողմից համակարգվում են հետևյալ ծրագրերը.

 

1. ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020թ. ժամանակահատվածի համար համագործակցության միջպետական ծրագիր

2. Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնման ծրագիր

3. Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011թ. ծրագիր:

 

 

Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության ինովացիոն քաղաքականության բաժինը, հեռ` 59-71-43:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577