Հայաստան - Եվրամիություն
հոդված
Կցված Ֆայլեր

ՀՀ-ԵՄ Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ): ԳՀՀ-ի հիմնական նպատակներն են`

  • ապահովել համապատասխան հենք Կողմերի միջև քաղաքական երկխոսության համար` նպատակ ունենալով զարգացնել քաղաքական կապերը,
  • աջակցել Հայաստանի Հանրապետությանը` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու և ավարտելու անցումը շուկայական տնտեսությանը,
  • ամրապնդել օրենքի իշխանությունը, ներառյալ իրավական համակարգի բարեփոխումները,
  • նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին,
  • նպաստել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պաշտպանությանը,
  • հիմք ստեղծել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:

ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները, բացի պաշտպանությունից: ԳՀՀ շրջանակներում գործում են ՀՀ-ԵՄ Համագործակցության խորհուրդը, ՀՀ-ԵՄ Համագործակցության Կոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը (ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 128 որոշում) և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

2010թ. սեպտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում որոշում կայացվեց ստեղծել ևս 3 ենթակոմիտե`

  • Արդարադատության, ազատությունների և անվտանգության հարցերի,
  • Էներգետիկայի, միջուկային անվտանգության, բնապահպանության և տրանսպորտի հարցերի,
  • Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերի:


Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»):

Եվրոպական Միության նախաձեռնությամբ Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ: Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր:

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվել և ստորագրվել է ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ): Գործողությունների ծրագիրն ուղղված էր Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների մոտարկմանը ԵՄ չափանիշներին: Այս համատեքստում նախադրյալներ ստեղծվեցին հետագա տնտեսական ինտեգրման համար՝ հիմնվելով տնտեսության և առևտրի բնագավառում այնպիսի կանոնների և դրույթների ընդունման և կիրառման վրա:

Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտին է հասցրել ԵՀՔ ՀՀ-ԵՄ 2009-2011թթ. և 2012-2013թթ. Գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը: Ընթացքի մեջ են գտնվում 2014-2015թթ. Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքները:


ԵՄ Արևելյան Գործընկերություն

ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը մեկնարկել է 2009թ.: Այդ նախաձեռնությամբ ԵՄ Արևելյան գործընկեր երկրներին առաջարկվեց «27+6» (ԵՄ անդամ 27 երկիր + գործընկեր 6 երկիր` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ձևաչափի համագործակցություն:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացվող ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ձևավորվել են բազմակողմ համագործակցության 4 հարթակներ (պլատֆորմներ)`

1. Ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության,

2. Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման,

3. Էներգետիկ անվտանգության,

4. Մարդկանց միջև կապերի ձևավորման՝ ուղղված գործընկեր երկրների անհատական բարեփոխումների իրականացման ջանքերին:

Երկրորդ` «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի և վերջինիս ներքո գործող 5 աշխատանքային խմբերի (առևտրի հարցերի, ՓՄՁ քաղաքականության, գյուղատնտեսության հարցերի, տրանսպորտի և բնապահպանության) աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:


ԵՄ աջակցության համակարգում

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող: Սկսած 2014թ.-ից ԵՀԳԳ-ին փոխարինել է Եվրոպական հարևանության գործիքը:

Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը դիտանցելու և հնարավոր ռիսկերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2012թ. նոյեմբերի 15-ի N 1122-Ա որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է դիտանցման (մոնիթորինգի) հանձնաժողով:

ԵՄ 2014-2017թթ. միասնական աջակցության շրջանակ

2014թ. նոյեմբերի 3-ին ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որով նախատեսվում է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար:


Այլ ծրագրեր և նախաձեռնություններ

2005թ. մայիսի 1-ին ստեղծվել է ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչություն և նշանակվել է ներկայացուցիչ, որի նստավայրը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելն է (ՀՀ կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն որոշում): Բրյուսելում ՀՀ առևտրական ներկայացուցչի ինստիտուտի հիմնումը նպաստեց ՀՀ-ԵՄ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացմանը:

ԵՄ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու նպատակով 2005թ. փետրվարին ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ԵՄ-ին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսության վերաբերյալ« Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց փաստաթուղթը: Ներկայումս եվրոպական կողմը, համաձայն սահմանված ընթացակարգերի, քննարկում է ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու հարցը:

Հայաստանի Հանրապետությունը 2009 թվականից մինչև 2013թ. վերջը օգտվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմից: Այն հնարավորություն ընձեռեց ՀՀ-ին շուրջ 6400 հայկական ծագման ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերի դրույքաչափերով:

ԵՄ-ն 2013թ. հայտարարեց 2014թ. հունվարից մեկնարկելիք նոր` վերանայված (վերանայման արդյունքում խստացվել էին ռեժիմից օգտվելու պայմանները) «GSP+» համակարգի մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 2013թ. ընթացքում նախապատրաստվել և Եվրոպական հանձնաժողովին է ներկայացվել նոր ռեժիմից օգտվելու համար պահանջվող չափանիշներին բավարարումն հավաստող ամբողջական փաթեթը: Արդյունքում` Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանն ընդգրկվեց այն 10 երկրների (Հայաստան, Բոլիվիա, Կապե Վերդե, Կոստա Րիկա, Էկվադոր, Վրաստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ և Պերու) շարքում, որոնք հնարավորություն ստացան 2014թ. հունվարի մեկից օգտվելու նոր «GSP+» ռեժիմի նոր փուլից: