Տնտեսական քաղաքականություն
հոդված
Կցված Ֆայլեր

Համաշխարհային տնտեսությունն այսօր չափազանց դինամիկ է, առավել փոփոխական և միևնույն ժամանակ` առավել հասանելի: Տնտեսական զարգացման խնդիրներն առանձին երկրների քաղաքականության օրակարգից վերաճում են գլոբալ նպատակների, որոնց իրագործմանն են ուղղվում երկրների և հատկապես գլոբալ կառավարման ինստիտուտների համախմբված ջանքերն ու ռեսուրսները: Աշխարհում զարգացման օրակարգերը ձևավորվում են այն մոտեցմամբ, որ առաջընթացի հստակ և համընդհանուր կիրառելի բանաձևեր գոյություն չունեն. ֆիզիկական սահմանափակումների աշխարհում նոր գաղափարների հայտնագործումն է, որ ապահովում է շարունակական տնտեսական աճ: Այս համատեքստում զարգացման պարադիգման որպես առաջընթացի շարժիչներ ենթադրում է գիտելիքի կուտակումը, նոր գաղափարների ստեղծումը, առևտրայնացումն ու տարածումը, դրանց կիրառությունների արդյունավետ յուրացման համար մրցավազքը:

Միևնույն ժամանակ այսօր ականատես ենք լրջագույն վերափոխումների, երբ գլոբալ տնտեսական միջավայրում ի հայտ են գալիս դերային նոր որակի վերաբաշխումներ ու նոր բնույթի ուժային կենտրոններ, շարունակում է աճել և փոխակերպվել զարգացող երկրների դերը, առավել սուր հնչեղություն են ստանում տնտեսական ու սոցիալական անվտանգության հիմնահարցերը, գլոբալացման պրոցեսները հաշվեկշռվում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների աճող ներգործությամբ, սրվում է արդյունքների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:

Նշված համատեքստում է ձևակերպվում Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը` պահանջելով նախ և առաջ նոր պայմաններում երկրի կարողությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային ուղղորդում ու արդյունքին կողմնորոշված կառավարում, արտաքին ցնցումներին դիմակայելու կայուն երաշխիքների ձևավորում:

Երկրում առաջին սերնդի բարեփոխումներն ապահովեցին սոցիալ-տնտեսական զարգացման բավարար հիմքեր երկրորդ սերնդի բարեփոխումների փաթեթ ձևավորելու և կյանքի կոչելու համար: Առանցքում դրվեցին երկրի մրցունակության բարձրացումը, տնտեսության արդիականացումն ու զարգացած երկրների չափանիշներին հնարավորինս մերձեցումը, գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ տարրերի ստեղծումը: Բարեփոխումների հետևողական իրագործումը բյուրեղանալու է այնպիսի ձեռքբերումներով, որոնցում երկարաժամկետ կայուն զարգացման հիմքերն ու համակարգային լուծումները գերակշռում են կարճաժամկետ և արագ արդյունքների նկատմամբ:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված՝ հրատապ դարձավ միջնաժամկետ քաղաքականության օրակարգում մարտավարական նոր շեշտադրումներ մտցնելը: Այդուհանդերձ, ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը հաջողվեց հնարավորինս ներդաշնակեցնել մինչճգնաժամային շրջանում հռչակված զարգացման գերակայությունների հետ: Հայաստանի համար ճգնաժամը մի կողմից լուրջ մարտահրավեր էր՝ սոցիալ-տնտեսական խոր հետևանքներով, մյուս կողմից՝ որպես գլոբալ տնտեսակարգի մասնակից տնտեսության հնարավորություններն ու սահմանափակումները վերագնահատելու կարևոր դաս:

Նման իրողություններով էլ Հայաստանի տնտեսական զարգացման ներկա քաղաքականությունը կոչված է երաշխավորելու տնտեսության արագ և անցնցում փոխակերպումն այնպիսի համակարգի` որին ներհատուկ են.

• տեխնոլոգիական սրընթաց զարգացումների նկատմամբ բարձր ընկալունակությունը և ռեսուրսների խզվածքի փոխհատուցումը նոր գաղափարների կուտակմամբ ու կիրառմամբ,

• հնարավորությունների միջսերնդային հավասարակշռության պահպանումը, երբ աճի և զարգացման ներկա ձեռքբերումները չեն հաշվեկշռվում ապագա սերունդների՝ նվազագույնը նույնպիսի աճի հնարավորությունների կորուստներով,

• ներառական զարգացման հիմնարար պահանջների իրագործումը՝ բարենպաստ միջավայր ապահովելով և խրախուսելով աճի ձևավորման գործընթացում հասարակության հնարավորինս ընդլայնված մասնակցության համար, ձեռներեցությունն ու նախաձեռնողականությունը հռչակելով որպես գործարար ակտիվության կարևորագույն խթան,

• մարդկային կապիտալի հետևողական զարգացումը` դիտարկելով այն որպես տնտեսական փոխակերպման առանցք և օբյեկտիվ սահմանափակումներից անկախ մրցակցային առավելություններ ձևավորելու նախապայման,

• ներքին/արտաքին ռեսուրսների օգտագործման ուղղությունների առավելագույն ներդաշնակեցումը զարգացման առաջնահերթություններին և քաղաքականության արդյունքների նկատմամբ արմատավորված պահանջատիրությունը:

Համաշխարհային տնտեսությունում Հայաստանի բարենպաստ դիրքավորման անհրաժեշտ կռվանը երկրի տնտեսության մրցունակության բարձրացումն է՝ իրական հատվածում նորարարությունների ներդրման հնարավորությունների մեծացման, արտադրողականության և բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի աճի, նորագույն արտադրությունների և տեխնոլոգիաների յուրացման միջոցով: Տնտեսական զարգացման նշված շրջանակում այսօր շեշտադրվում են քաղաքականության հետևյալ անկյունաքարային ուղղությունները.

Տնտեսության բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովում. ձևավորել արդյունավետ շուկա ու զարգացնել մրցունակ բիզնես հնարավոր է միայն ազատ տնտեսական մրցակցության պայմաններում: Տնտեսության իրական հատվածում արդիականացման գործընթացների հիմնաքար հանդիսացող կապիտալ ներդրումների խրախուսման համար կարևոր է գործարար միջավայրի անընդհատ բարելավումը՝ ընդգրկելով հարկային և մաքսային վարչարարության, տեխնիկական և նորմատիվային կանոնակարգման, ներդրողների պաշտպանության և աշխատանքային հարաբերությունների բնագավառները: Այս համատեքստում գործարարության իրականացման և ներդրումներ կատարելու հիմնական արգելքների վերացման, ենթակառուցվածքների որակի բարձրացման, կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման ու սկզբունքների ներդրման, մակրոտնտեսական կայունության ապահովման հիմնահարցերն այսօր օրակարգային են:

Արդյունաբերական քաղաքականության իրականացում՝ որպես տնտեսական փոխակերպման առաջնային նախապայման. տեխնոլոգիական համալիրների ներմուծման խրախուսումը, վերազգային կորպորացիաների` ՀՀ տնտեսություն մուտք գործելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, գոյություն ունեցող հեռանկարային արտադրական համալիրների արդիականացումն ու տնտեսության իրական հատվածին պետության ակտիվ աջակցությունը կազմում են Հայաստանում արդյունաբերական քաղաքականության իրականացման առանցքային ուղղությունները՝ նպատակ ունենալով մեծացնել տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանը և ընդլայնել արտահանելի հատվածը: Վերջինս հանդիսանալու է երկրի գլոբալ մրցունակության բարձրացման գործառնական նպատակը և որոշակի ժամանակահատվածում արդյունաբերական քաղաքականությունը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, ուղղվելու է այդ նպատակի իրագործմանը:

Գիտելիքի վրա հիմնված տնտեսության հիմնական ինստիտուտների ստեղծում և զարգացում. տնտեսական զարգացման ռազմավարական մեկնակետը գիտելիքի ստեղծումն է, յուրացումն ու արդյունավետ կիրառումը: Հետևապես, պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը հանգում է գիտական ներուժի նպատակային վերարտադրությանը, գիտական և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրման արդյունավետ համակարգի կազմակերպմանը: Այս իմաստով մարդկային կապիտալի զարգացման վրա է խարսխվելու արդիական տեխնոլոգիաների ներդրման ընդլայնումը՝ որպես նոր որակի մրցակցության և բիզնեսի վարման առանցք: Գործընթացի կարևորագույն ելքը բնական ռեսուրսների ռազմավարական դերի նվազեցումն ու ստեղծվող նոր արժեքի մեջ մարդկային գործոնի դերի մեծացումն է, բարձր մասնագիտացված ու տեխնոլոգիատար վերջնական արդյունքների թողարկման ու արտահանման ծավալների ընդլայնումը:

Համաշխարհային տնտեսությանն ինտեգրման ընդլայնում և խորացում. սա նախևառաջ ենթադրում է արտաքին տնտեսական գործունեության մասով միջազգային չափանիշներին համարժեք որակի ու մակարդակի ձեռքբերում, արտաքին առևտուրն սպասարկող ինստիտուտների և ենթակառուցվածքների պատշաճ գործունեության ապահովում, առևտրի պայմանների դյուրինացում և որպես փոխլրացնող միջոցառում արտաքին առևտրի խրախուսման ու զարգացման միջազգայնորեն ընդունված գործիքների ու սխեմաների տեղայնացում:

Տնտեսական քաղաքականության այս շրջանակում է, որ հնարավորությունների ու կարողությունների անընդհատ ընդլայնման ու կատարելագործման սիներգիկ ազդեցությունը կհանգեցնի հասարակության կյանքի որակի բարձրացման և նյութական, և ոչ նյութական բարեկեցության իմաստով և հնարավորություն կտա ամրագրել Հայաստանի ուրույն տեղը համաշխարհային տնտեսությունում:

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացման քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-20:

Նախարարության գործունեության հաշվետվություններ
Տնտեսական տեղեկատու
Տնտեսական ամփոփագիր