ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17֊ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը» խորագրով կլոր սեղան֊քննարկմանը, որին ներկա է եղել ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Քննարկման ընթացքում նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանում լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ընդգծել սահմանակից երկրների հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանից արտահանումների և ներմուծումների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից. «Սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի մեր երկրի համար։ Հայաստան ներմուծվող ապրանքների և տարանցիկ բեռների ծախսերը զգալիորեն կնվազեն, իսկ արտահանման ուղղությամբ կբացվեն նոր շուկաներ։ «Խաղաղության խաչմերուկի» իրագործումը կդառնա ամբողջ տարածաշրջանի երկրների զարգացման և փոխշահավետ համագործակցության հզոր հարթակ»։
Հանդիպման շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից։ Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, պետական և մասնավոր այլ մարմինների ներկայացուցիչներ։
Մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային «քվազիմեկուսացման» պայմաններում Հայաստանի լոգիստիկ համակարգի, տնտեսամաթեմատիկական գործիքակազմով ՀՀ լոգիստիկ հիմնախնդիրների գնահատման, Հայաստանի լոգիստիկ համակարգի կատարելագործման հիմնուղիների և ներուժի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև հարակից այլ հարցերի վերաբերյալ։