Ծագման երկրի սերտիֆիկատի ստացման գործընթացի պարզեցում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:
Իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը` շեշտադրելով վերամշակող արդյունաբերության զարգացումը: Նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացրել և իրականացնում, ինչպես ընդհանուր արդյունաբերության, այնպես էլ արդյունաբերության առանձին ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է կառավարման ժամանակակից մոդելների, արդի և մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով Հայաստանը դարձնել միջազգայնորեն մրցունակ տնտեսություն ունեցող երկիր:
Նշված նպատակների իրագործման համար մշակվել և 2011 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառվարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: Փաստաթուղթը միտված է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման:
Փաստաթղթում նախանշվել են արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներ, որոնց համար մշակվել են ոլորտային ռազմավարություններ և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագիր, որով նախատեսված միջոցառումներն արդեն իսկ իրականացվել են։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է արդյունաբերության բոլոր ճյուղերի համալիր զարգացումը, առաջնահերթությունը տալով արտահանելի հատվածին:
Պետական աջակցության գործիքակազմ
Արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կիրառվում է պետական աջակցության համալիր գործիքակազմ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով արտահանման ծավալների ավելացմանը և ներմուծման փոխարինմանը:
Նմանատիպ գործիքներից է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հնարավորություն է ընձեռվում ներդրումային ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել երեք տարի ժամկետով, ինչը միտված է նպաստելու դեպի հանրապետություն մեծաքանակ ներդրումների հոսքին, իսկ ծրագրերն իրականացնելու արդյունքում ստեղծվելու նոր արտադրություններ և նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» 1225-Ն որոշմամբ։
2013 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության N 1262–Ն որոշմամբ հաստատվել է Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-271019 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը: Սույն որոշումը փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ին 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2016 թվականի մարտի 10-ի թիվ 220-Ն որոշմամբ։
2013 թվականից Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված իրականացվում է պետական աջակցության ծրագիր` մշակող արդյունաբերության ուղղություններով, որը հաստատվում է ամեն տարի (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի թիվ 93-Ա հրաման):
Պետական աջակցությունը տրամադրվում է հետևյալ ուղղություններով.
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ եզրակացության տրամադրում։
Վերոնշյալ եզրակացությունը տրամադրվում է ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման դրույթներով և Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, իսկ տրամադրման կարգը սահմանվում է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 10-ի թիվ 228-Ն որոշման համաձայն։
«Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» ՀՀ կառավարության 2015 թվականի թիվ 30-Ն որոշում, որտեղ սահմանված է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից` համաձայն հավելվածով ներկայացված ցանկի:
Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչությունը, հեռ` (+374 11) 597 145: