ՓՄՁ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է: ՀՀ Կառավարության 2019 թվականի ծրագրում մեծապես կարևորվում է ՓՄՁ զարգացումը, որը համարվում է ներառական տնտեսական աճի նախադրյալ։
2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սահմանումը աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մասով համապատասխանեցվել է Եվրամիության անդամ երկրներում գործող ՓՄՁ սահմանման հետ, որի համաձայն, ՓՄՁ սուբյեկտները վարչական նպատակներով դասակարգվում են ըստ ստորև ներկայացված չափանիշների.
2018 թվականին «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, առաջին անգամ ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից պատրաստվել և հրապարակվել է «ՓՄՁ Հայաստանի Հանրապետությունում․ 2018» տեղեկագիրը։ Շարունակաբար 2019 թվականին հրապարակվել են 2018 թվականն ամփոփող տեղեկագիրը, որի հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև: Հրապարակման մեջ օգտագործվել է ՓՄՁ դասակարգումը բացառապես աշխատողների թվաքանակով որոշվող չափերով՝ համաձայն վիճակագրական նպատակներով ՓՄՁ դասակարգման համար կիրառվող միջազգայնորեն ընդունված չափորոշիչների:
2018 թվականին գերփոքր, փոքր և միջին կազմակերպությունների կողմից արտադրված ավելացված արժեքի կշիռը ՀՀ ընդհանուր տնտեսության ՀՆԱ-ում կազմել է 23.6 տոկոս։
2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ շրջանակի տնտեսվարողների քանակը կազմել է 68780, որից միայն 126-ն են (շուրջ 0.18 տոկոս) դասվել որպես խոշոր տնտեսվարողներ։ ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն են ծավալում Երևանում:
ՀՀ ՓՄՁ ոլորտի տնտեսվարողների մեկ վարձու աշխատողի հաշվով ստեղծված ավելացված արժեքը 2018 թվականին տարեկան կտրվածքով կազմել է շուրջ 6.66 մլն ՀՀ դրամ (շուրջ 13.7 հազ. ԱՄՆ դոլար), խոշոր ընկերություններում այն կազմել է 9.55 մլն ՀՀ դրամ (մոտ 19.7 հազ. ԱՄՆ դոլար): Ստորև աղյուսակում ներկայացված են 2018թ. ՓՄՁ արտադրողականությունն ըստ ոլորտների․
Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ միջին խտությունը ցածր է և կազմում է 23.1: ՓՄՁ-ների կեսից ավելին գործունեություն են ծավալում Երևանում, որտեղ ՓՄՁ-ների խտությունը 1000 բնակչի հաշվով 33 է, իսկ մարզերում նույն ցուցանիշը զգալիորեն ցածր է: Երևանից դուրս գտնվող ՓՄՁ-ների մեջ աչքի է ընկնում Կոտայքի մարզը, որտեղ գտնվում է ՓՄՁ սուբյեկտների 8.6 տոկոսը, իսկ ՓՄՁ խտությունը 1000 բնակչի հաշվով 23.4 է [ԱՄՍՏԱՏ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2019]։
2018 թվականին Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ստեղծվող ընկերությունների թիվը կազմել է 9.8։ Համաձայն ՀԲ (WB) զեկույցի բարձր-միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հասնում է 30-ի։ Այժմ ՀՀ ցուցանիշը համապատասխանում է ցածր-միջին եկամուտ ունեցող երկրների ցուցանիշին։
Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ ոլորտի ուժեղացման, մրցունակության բարձրացման համար ՀՀ կառավարության կողմից կարևորվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները․
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:
Ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է՝ ձեռնակատիրական հմտությունների զարգացման, գաղափարների իրագործման, մրցունակության բարձրացման միջոցով, որը հնարավորություն կտա նաև ապահովել ՓՄՁ-ների համար ներքին և արտաքին շուկաների հասանելիությունը։
Ռազմավարության թիրախային միջոցառումներն ուղղված են ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական մշակույթի խթանման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ձևավորմանը։
Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023 թվականների արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։
Ռազմավարությամբ սահմանված թիրախային գործողությունների արդյունքում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։
Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարևորություն է տրվել սնանկության գործընթացի և երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը։ Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք։