Հայաստանի արդյունքները Համաշխարհային բանկի Business Ready 2025 զեկույցում
Գործարար միջավայրի բարելավում
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, և դրան հասնելու համար Կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:
Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 12 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն, 2016 թ N 110-Ա, 2017թ N 24, 2018թ․N 477-Ա, 2019թ․ թիվ 560-Լ և 2020թ․ թիվ 246-Լ որոշումները):
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԲԻԶՆԵՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ (BUSINESS READY)» ԶԵԿՈՒՅՑ
Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) վարկանիշային զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ ներկայումս 101 երկրների միջև


Հայաստանը B-READY 2025-ում
Համաշխարհային բանկի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված B-READY 2025 վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը գրանցել է միջինից բարձր արդյունքներ՝ ընդգրկվելով Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ստացել է 66․7 միավոր, ինչը 6․6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը (60.1 միավոր)։ Այս արդյունքը հաստատում է Հայաստանի դիրքը որպես դինամիկ զարգացող տնտեսություն՝ միջինից բարձր բիզնես միջավայրով։

Հայաստանը լավագույն արդյունք է գրանցել «Բիզնեսի սկիզբ» ոլորտում՝ ստանալով 96 միավոր, ինչը երկրին ապահովել է առաջատար դիրք 101 երկրների շարքում։
Բարձր արդյունքներ են արձանագրվել նաև հետևյալ ոլորտներում՝
Ֆինանսական ծառայություններ – 85.04 միավոր
Կոմունալ ծառայություններ – 72.52 միավոր
Բիզնեսի գտնվելու վայր – 68.49 միավոր
Հարկում – 67.50 միավոր
Աշխատուժ – 67.0 միավոր
Այս ոլորտներում Հայաստանը գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշները՝ դիրքավորվելով բարձր գնահատվող երկրների շարքում։
Չնայած դրական գնահատականների ընդհանուր գերակշռությանը՝ Զեկույցը մատնանշում է հետևյալ ոլորտներում հետագա բարելավման ներուժը`
Շուկայի մրցակցություն - 58․21 միավոր
Վեճերի լուծում - 57․96 միավոր
Միջազգային առևտուր - 55․26 միավոր
Բիզնեսի անվճարունակություն - 39․17 միավոր