Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 12 %-ը (2019 թվականի տվյալներով)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ն ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հայաստանի Հանրապետության զբաղվածների 24․3 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։
Ագրարային քաղաքականության ուղենշային փաստաթղթերից է 2019 թվականի դեկտեմբերի 19֊ի կառավարության N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որի առաջիկա տասը տարիների տեսլականն է ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր ավելացված արժեք ստեղծող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն։

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը:
Նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել նաև․
- օժանդակել կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանել կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ,
- ստեղծել կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերներ և նպաստել գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը,
- աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը,
- իրականացնել տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր, ինչպես նաև աջակցել տոհմաբուծարանների ստեղծմանը,
- նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը,
- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը,
- ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը,
- ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը,
- սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը։
Նշված քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ժամանակահատվածում պետական բյուջեով նախատեսվող ծախսերը առաջնահերթ կնպատակաուղղվեն հետևյալ ծրագրերի իրականացմանը.
- գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին և գյուղատնտեսական մթերքների վերամշակող սուբյեկտներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և փոխհատուցման մեխանիզմների կիրառում,
- մատչելի մեխանիզմներով՝ ֆինանսական վարձակալությամբ, լիզինգով գյուղատնտեսական և ագրոպարենային ոլորտի տեխնիկական միջոցների մատակարարում,
- ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող ինտենսիվ այգեգործության խթանման միջոցառումներ,
- ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրում,
- կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն,
- փոխհատուցման մեխանիզմների կիրառմամբ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների, «խելացի» անասնաշենքերի ներդրում,
- խաղողագործության և գինեգործության զարգացման միջոցառումներ,
- հողերի ագրոքիմիական հետազոտություններ և բերրիության բարձրացում,
- անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացում,
- անասնապահության ոլորտում առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,
- գյուղատնտեսությունում ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում,
- տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդում և զարգացում,
- սերմնաբուծության և սերմապահովության միջոցառումների կազմակերպում,
- սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկում,
- բույսերի պաշտպանության միջոցառումներ,
- գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումներ,
- բնական կերհանդակների նպատակային և համակարգված օգտագործում:
Իրականացվող ագրարային քաղաքականության և դրան ուղղված ծրագրերի կենսագործման արդյունքում միջնաժամկետ ժամանակահատվածում յուրաքանչյուր նախորդ տարվա նկատմամբ կապահովվի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 3,5-5,5 % աճ: