Անասնաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 50 %-ը ստացվում է անասնաբուծությունից:
Հայաստանի անասնաբուծությունը իրենից ներկայացնում է զարգացած ենթաճյուղեր ունեցող մի ոլորտ, որտեղ անասնաբուծության վարման ավանդական տեխնոլոգիաներին զուգահեռ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է ընձեռում տեղի բնակլիմայական պայմաններին առավելագույնս համապատասխանեցնել գյուղատնտեսական կենդանիների այս կամ այն տեսակի բազմացումը և մթերատվության ստացումը:
Տավարաբուծություն
Տավարաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղը: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 %-ը և մսի գրեթե 60 %-ը ստացվում է տավարաբուծությունից: Բուծվող տավարի 91 %-ը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղն է: Հանրապետությունում բուծվում են նաև կաթնային և կաթնամսային ուղղության՝ հոլշտին, շվից, սիմենթալ, ջերսեյ, մոնբելյարդ և սևաբղետ ցեղեղի, ինչպես նաև մսային ուղղության՝ լիմուզին, աբերդին-անգուս, հալովեյ, հայլանդ և այլ ցեղերի կենդանիներ: Հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվում են շուրջ 170 հազար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ:
Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային պահվածքը, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտամսուրային պահվածքը: Տավարի ամենաստվար գլխաքանակը կենտրոնացված է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Լոռու մարզերում: Հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշները տարիներ շարունակ կատարելագործվել են շվից ցեղի տոհմային կենդանիների օգտագործմամբ:
Ներկայումս հանրապետության տավարաբուծության ոլորտում նկատվում են ինտենսիվացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միտումներ, որին նպաստում են նաև իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը և «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների» ծրագիրը։
Հանրապետությունում գործում են մեկ տասնյակից ավելի տավարաբուծական տոհմային տնտեսություններ, որոնք իրականացնում են տոհմային աշխատանք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2019-2025 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերած՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Դիլի», «Մաունթեն բիֆ քոմպանի», «Միլկ ֆարմ» ՍՊԸ-ները տավարաբուծական ֆերմաները: Ի դեպ, Սյունիք համայնքում գործող «Վամաքս» ՍՊԸ-ի և ՀՀ Լոռու մարզի «Երեմյաններ փրոջեքթս» ԲԲԸ-ի տավարաբուծական տնտեսությունները եզակի են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում:
2007 թվականներից սկսած մինչև օրս Հայաստան է ներկրվել շուրջ 5000 գլուխ հոլշտին, շվից, ջերսեյ, մոնբելյարդ և սիմենթալ ցեղերի տոհմային երինջներ։Ներկրված կենդանիներից և դրանց սերունդներից տարեկան ստացվում են ավելի քան 12000 գլուխ բարձրարժեք հորթեր, որոնց մի մասն ուղղվում է նախիրների սեփական վերարտադրությանը, իսկ տոհմային մատղաշի մնացած գլխաքանակը վաճառվում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին, ինչը հնարավորություն է ընձեռում տոհմային տնտեսություններին շարունակել բարձրարժեք տոհմային կենդանիների մաքուր բուծման գործընթացը: Տավարաբուծական տնտեսությունների կողմից ձեռք բերված տոհմային կենդանիները համակարգված տոհմասելեկցիոն աշխատանքների միջոցով օգտագործվում են տեղական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման նպատակով, ինչը իր հերթին կհանգեցնի հանրապետությունում կենդանական ծագման արտադրանքի ծավալների և որակի ավելացմանը:
2019-2025 թվականների ընթացքում հանրապետություն է ներկրվել է 2504 գլուխ սիմենթալ, շվից, հոլշտին, ինչպես նաև մսային ուղղության աբերդին-անգուս ցեղերի 14-17 ամսական տոհմային մատղաշ և երինջներ, որոնցից ստացվել է սերունդ՝ շուրջ 12129 գլուխ։

Ոչխարաբուծություն
Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից է: Հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի արդյունքում այստեղ հաջողությամբ բուծվում են տեղի բնակլիմայական պայմաններին գերազանց հարմարված մի քանի էնդեմիկ ցեղեր, որոնցից են մազեխ, բոզախ, ղարաբաղի և բալբաս ցեղերը: Բացի այդ, հայ սելեկցիոներների կողմից ընտրասերման արդյունքում մեր հանրապետությունում ստեղծվել է նաև ոչխարի` հայկական կիսակոպտաբուրդ ցեղը: Վերջինս ունի սպիտակ կիսակոպիտ բուրդ, որը գերազանց հումք է հանդիսանում գորգագործության համար:
Հանրապետությունում 20-րդ դարի 60-70-ական թվականներին բուծվում էր ավելի քան 2 մլն ոչխար, որից հետո ոչխարի գլխաքանակը կտրուկ նվազեց: Սակայն վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի կայունացում։
Ոչխարաբուծությունն առավել զարգացած է հանրապետության նախալեռնային և լեռնային գոտիներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր: Ոչխարների ամենաստվար գլխաքանակը բուծվում է Գեղարքունիքի և Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում:
Վերջին տարիներին, տեղական ցեղերից զատ, ներկրվել են նաև ոչխարի այլ ցեղեր, մասնավորապես` մուշտակատու ուղղության, բազմապտուղ` ռոմանովյան ցեղի, դմակավոր` էդիլբաևյան ցեղի, ինչպես նաև մսային ուղղության՝ դորփեր և բլանշ ցեղերի ոչխարներ, որոնք հաջողությամբ հարմարվել են տեղի բնակլիմայական պայմաններին:
Մեր հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 12 հազար տոննա ոչխարի միս: Հանրապետությունից տարեկան կարելի է արտահանել 180-200 հազար գլուխ ոչխար:
Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2019-2025 թվականների ընթացքում ձեռք է բերվել 2282 գլուխ բլանշ, դորպեր, ռոմանովյան, էիլբաևյան և հիսարյան ցեղերի տոհմային ոչխարներ, որոնցից ստացվել է սերունդ՝ շուրջ 17898 գլուխ։
ՀՀ կառավարության կողմից 2024թ-ի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատվել է «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ » ծրագիրը, որի նպատակն է խրախուսել բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրումը՝ փոխհատուցելով ձեռք բերված կենդանիների արժեքի 50%-ը։

Խոզաբուծություն
Խոզաբուծությունը հանդիսանում է հանրապետության անասնաբուծության ոլորտի կարևոր ճյուղերից մեկը: Խոզաբուծությունը առավել զարգացած է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ էլ կենտրոնացած է խոզերի ամենաշատ գլխաքանակը: Հանրապետության հյուսիսային հատվածում` Տավուշի և Լոռու մարզերում, կիրառվում է խոզերի լեռնանտառային պահվածքը:
Հանրապետության գիտնականների ջանքերով ստեղծվել է խոզերի հայրենական` հայկական մսային ցեղը, որը հիմնականում բուծվում է տնամերձ օժանդակ տնտեսություններում: Արդյունաբերական տիպի խոզաբուծական համալիրներում և տնտեսություններում բուծվում են խոզերի` լանդրաս, պետրեն, դյուրոկ և այլ ցեղերը, որոնց միջոցով իրականացվում է արդյունաբերական տրամախաչում:
Հանրապետությունում տարեկան արտադրվում է 16-18 հազար տոննա խոզի միս (սպանդային քաշով):

Թռչնաբուծություն
Թռչնաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առավել մեքենայացված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ճյուղն է: Հանրապետությունում ներկայումս գործում են մեկ տասնյակից ավել միջին և խոշոր թռչնաբուծարաններ, որոնք զբաղվում են թռչնամսի և ձվի արտադրությամբ: Ձվի արտադրությամբ զբաղվող խոշոր թռչնաբուծարաններից են «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն և «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն, որոնք արտադրում են հանրապետությունում արտադրվող ձվի շուրջ 40 %-ը: Թռչնամսի արտադրությամբ հանրապետությունում առաջատարը դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն է:
Հանրապետության գիտնականների սելեկցիայի արդյունքում ստեղծվել է հավերի` երևանյան ցեղը, որն ունի սև և կարմիր ներցեղային տիպեր: Այս ցեղը շատ լավ հարմարված է մեր երկրի բնակլիմայական պայմաններին և հիմնականում բուծվում է տնամերձ օժանդակ տնտեսություններում:
Հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 800 մլն ձու և 16․0 հազար տոննա թռչնամիս:
