ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 24-ին այցելել է «Այգի» բիզնես կենտրոն։ Շրջայցին մասնակցել է նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Բիզնես կենտրոնը կառուցվել է էկոլոգիական BREEAM միջազգային ստանդարտներին համապատասխան, ներդրվել է շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամ՝ ապահովելով շուրջ 2,000 անձի աշխատանքի համար նախատեսված պայմաններ։ Բիզնես կենտրոնը կառուցվել է 2 տարվա ընթացքում՝ ընդհանուր՝ 18,000 քմ կառուցապատման մակերեսով: Շենքն ամբողջությամբ գործում է արևային էներգիայի կիրառմամբ, ներդրված է խելացի օդափոխության համակարգ։
Բիզնես կենտրոնի համահիմնադիրներ Հարություն Պետրոսյանի և Վահե Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու ներդրված ենթակառուցվածքներին։
Տարածքն ապահովված է 450 մեքենայի ավտոկայանատեղիներով, էլեկտրական մեքենաների լիցքավորման արագ կայաններով, հեծանիվների և սկուտերների կայանատեղիով։ Առկա է 2,500 քմ հանգստի գոտի՝ շուրջ 120 հատ ծառերով և շատրվանով։ Կառուցվել է նաև 210 հոգանոց բացօթյա ամֆիթատրոն՝ մշակութային և կորպորատիվ միջոցառումների իրականացման հնարավորությամբ։
Բիզնես կենտրոնում գործելու են նաև սրճարան, ֆուդկորտ և մարզասրահ։
Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որի միջոցով հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել կառուցապատման գործընթացը, ընդլայնել գործունեությունն ու բարելավել ենթակառուցվածքները։