ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մասնակցել է Հայաստանի և Վրաստանի մանրածախ առևտրի ներկայացուցիչների հանդիպմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Yandex Armenia-ի կողմից և նպատակ ուներ միավորելու Հայաստանի և Վրաստանի առաջատար մանրածախ առևտրի բիզնեսի սեփականատերերին՝ քննարկելու տարածաշրջանային մանրածախ առևտրի շուկայի ձևավորման ներկայիս միտումները, մարտահրավերները և հնարավորությունները։
Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է․ «Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները հիմնված են երկարամյա գործընկերության և փոխադարձ վստահության վրա։ Մեր տնտեսությունները ոչ միայն ակտիվորեն համագործակցում են, այլև լրացնում միմյանց՝ ստեղծելով նոր շուկաներ և ներդրումային հնարավորություններ և ընդգրկում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած առևտրից և տրանսպորտից մինչև ներդրումների խրախուսում և իրավական համագործակցություն»։
Անդրադառնալով Հայաստանի մանրածախ առևտրի ներքին շուկային և վերջին տարիներին արձանագրված դինամիկ զարգացմանը՝ նա նշել է, որ 2024 թվականին մանրածախ առևտրի ծավալներն աճել են շուրջ 8%-ով, իսկ ներքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 15 միլիարդ դոլարը, որի մոտ մեկ երրորդը՝ մանրածախ վաճառք է։
«Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ ոչ միայն ամրապնդելու Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերը, այլև ստեղծելու միասնական տարածաշրջանային մանրածախ էկոհամակարգ, որը կծառայի մեր ժողովուրդների տնտեսական բարեկեցությանը և այս միջոցառումը, որը միավորում է Հայաստանի և Վրաստանի մանրածախ առևտրի ոլորտի առաջատար բիզնեսների ներկայացուցիչներին ևս մեկ խթան է դրա իրականացման ճանապարհին»,- ավելացրել է նախարարի տեղակալը։