ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի ստեղծմանը նվիրված միջոցառմանը։
Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ։
«Տեքստիլ արդյունաբերությունը մեր երկրի ռազմավարական ոլորտներից է, որն ունի մեծ ներուժ ինչպես արտահանման, այնպես էլ ավելացված արժեքի ստեղծման տեսանկյունից։ Այս ոլորտի կայուն զարգացումը պահանջում է համակարգված մոտեցում, նորարարական լուծումներ և պետություն-մասնակվոր համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։ Այս նպատակով Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ստեղծվեց «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը, որը բխում է տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարությունից», - նշել է Էդգար Զաքարյանը։
Նա նաև ընդգծել է, որ հիմնադրամին վերապահված է ոլորտային քաղաքականությունների իմպլեմենտացիան, միջազգային փորձի տեղայնացումը, պետական աջակցության ծրագրերի իրականացումն ու հայկական տեքստիլ արտադրության հանրահռչակումը։ Էդգար Զաքարյանը նաև հույս է հայտնել, որ այն կդառնա հարթակ պետական-մասնավոր և կրթական հատվածների համագործակցության համար՝ ուղղված արտադրության արդիականացմանը, արտահանման խթանմանը և հայկական ապրանքանիշների տարածմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է հիմնադրամի ստեղծման գործընթացը, նպատակները, կառավարման մոդելը, առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեքստիլ արդյունաբերության մրցունակության բարձրացմանը, շուկաների դիվերսիֆիկացմանն ու հայկական բրենդների զարգացմանը։
Կազմակերպվել է նաև պանելային քննարկում, որի ընթացքում քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացման հեռանկարները, տեխնոլոգիաների արդիականացման, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ֆինանսական, մասնավոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։