Օգոստոսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ՝ ծանոթանալու պետական աջակցությամբ ձեռք բերված նոր շարժական լաբորատորիաների և ժամանակակից սարքավորումների հնարավորություններին։
Միջոցառման շրջանակներում մատակարարվել են խաղալիքների փորձարկման սարքեր՝ սանիտարաքիմիական ցուցանիշների և ռադիոնուկլիդների որոշման համար, հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման սարքավորում, որը նախկինում Հայաստանում բացակայում էր, 3 շարժական լաբորատորիա՝ նմուշային չափանոթներով, հեղուկացված գազի մաստերմետրով և այլ չափման միջոցներով, 2 կշռաստուգաչափման շարժական լաբորատորիա՝ մինչև 33 տոննա նմուշային կշռաքարերով, որոնք հնարավորություն են տալիս ստուգաչափել ավելի քան 100 տոննա կշռման հնարավորություն ունեցող ավտոկշեռքներ և երկաթուղային կշեռքներ։
Նախարարը ՍՉԱՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիաներում և ծանոթացել նոր սարքավորումներին։
«Պետության կողմից ներդրված այս սարքավորումներն ու լաբորատորիաները կարևոր քայլ են մեր երկրի որակի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Դրանք ոչ միայն հնարավորություն կտան ապահովել փորձաքննությունների և ստուգաչափումների առավել բարձր ճշգրտություն, որը մինչ օրս հնարավոր չէր իրականացնել, այլև կնպաստեն արտադրանքի մրցունակության աճին և արտահանման խթանմանը»,– նշել է նախարար Գևորգ Պապոյանը։