ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքականությունների մշակումը հետազոտահենք է և խարսխված է վերլուծական աշխատանքի վրա։ 2024 թ․ մայիսից նախարարության վարչությունների առաջարկությունների և Տնտեսական հետազոտությունների վարչության կարողությունների հիման վրա նախարարի հրամանով հաստատվում է նախարարության հետազոտական օրակարգը։ Բացի այդ, նախարարությունում շարունակաբար իրականացվում են մակրոտնտեսական և ընթացիկ այլ վերլուծություններ։ Դրանք հնարավորություն են ընձեռում գնահատել տնտեսության ընթացիկ վիճակը, բացահայտել կառուցվածքային մարտահրավերներն ու ռիսկերը և ուրվագծել զարգացման հնարավոր ուղղությունները։
Տնտեսաչափական մեթոդների և մոդելների կիրառմամբ վերլուծվում ու կանխատեսվում են տնտեսական աճը, արտադրողականությունը, ներդրումների շարժընթացը, ինչպես նաև արտաքին առևտրի և տնտեսության առանձին ոլորտների զարգացման միտումները։ Ստացված արդյունքները ուրվագծում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական քաղաքականությունը։
Նախարարության հետազոտական աշխատանքը, սակայն, չի սահմանափակվում սոսկ ընդհանուր տնտեսական միտումների գնահատմամբ։ Ոչ պակաս կարևոր և կիրառական նշանակություն ունեն ճյուղային ուսումնասիրությունները, մասնավորապես՝ տնտեսության առանձին ճյուղերի զարգացման խոչընդոտների, աճի ներուժի և իրականացվող քաղաքականությունների արդյունքների վերլուծությունը։ Միևնույն ժամանակ, ռիսկերի և տնտեսական դիմադրողականության գործոնների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում մշակել առավել հիմնավորված մոտեցումներ՝ ուղղված արտաքին և ներքին ցնցումների ազդեցության մեղմմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։