ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին՝ քննարկելու Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (ՏՏԵԶԾ) իրականացման աջակցման հետ կապված հարցերը։
Ենթակառուցվածքների գծով ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Զարուհի Թոխմախյանը նշել է, որ առաքելությունը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նպատակ ունի ծանոթանալու ընթացիկ ծրագրերի իրականացման գործընթացին, նախապատրաստական աշխատանքներին։ Նա ներկայացրել է արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքները և նշել, թե ինչ ուղղություններով է նախատեսվում առաջիկա ծրագրերի իրականացումը։ Ըստ նրա՝ այս պահին կան ծրագրեր, որոնք ներկայացված են Համաշխարհային բանկի գնահատականին և կան ծրագրեր, որոնց մանրամասները դեռևս քննարկվում են Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ։
Նախարարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը մեծ ցանկություն և պատրաստակամություն ունի ապահովվելու Համաշխարհային բանկի աջակցությայն ներքո գտնվող ծրագրերի՝ ամբողջ ծավալով հնարավորինս արագ իրականացումը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև, որ ծրագրի շրջանակներում նախատեսվող տեխնիկական աջակցությունն առաջիկայում հնարավոր լինի բազմազանեցնել և ներառել մի շարք կարևոր բաղադրիչներ ևս։
Հանդիպման ընթացքում քննարկել են ՏՏԵԶԾ-ի պոտենցիալ վերակառուցման հետ կապված հարցեր, այդ թվում՝ ծրագրի նախագծի ճշգրտումները, միջոցների վերաբաշխումը, ենթածրագրերի հաստատումն օպտիմալացնելու համար իրականացման մեխանիզմները, արդյունքային ցուցանիշները և նախատեսվող թարմացումները։
Անդրադարձ է կատարվել իրականացվող ենթածրագրերի, այդ թվում՝ տեխնիկական երաշխիքների և գործընկերների հետ զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ հնարավոր համատեղ ջանքերի գործադրմանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին քննարկման համար և վստահություն հայտնել, որ համագործակցությունը չի սահմանափակվի միայն այս ծրագրի շրջանականերում: Նա նաև նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աշխատելու ավելի ճկուն և աջակցելու ընթացիկ առաջացած բոլոր հարցերի լուծմանը։