Օգոստոսի 1-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի մամուլի ասուլիսը՝ նվիրված «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը, որը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ասուլիսին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:
«Այս համաժողովի միջոցով մենք նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով մեր արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը:
Գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, և հաջողությամբ առևտրայնացնելու պարագայում կարող են դառնալ Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։ Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես ստանձնել ենք հանձնառություն՝ աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք խթանում են ստեղծարարությունը ու գիտելիքահենք ձեռներեցությունը: Մենք խորապես հավատում ենք, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում և որ միասին կարող ենք հարթել գիտելիքի և գործարարության համատեղ ճանապարհը: Այդ իսկ պատճառով նախաձեռնել ենք «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը, որը ծառայելու է որպես միավորող հարթակ գիտնականների, գործարարների, ներդրողների և ոլորտային քաղաքականության մշակողների համար», - նշել է նախարար Վահան Քերոբյանը։
Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն է հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։ Նա լայնորեն ընկալվում է որպես փայլուն և ոչ ավանդական մտածող, որը մարտահրավերներ է նետում պայմանական իմաստությանը և խրախուսում մարդկանց մտածել շրջանակներից դուրս։
Նասիմ Նիկոլաս Թալեբն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ ուրախ է մասնակցել «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը։
«Այս միջոցառումը կարևոր հարթակ է Հայաստանի համար, որտեղ գիտնականները հանդիպում են բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելու միջդիսցիպլինար համագործակցության կարևորությունը, մեր օրերի մարտահրավերներն ու հնարավորությունները: Հայաստանը հին պատմություն և կենսունակ մշակույթ ունեցող երկիր է, այն առանձնահատուկ տեղ է գրավում իմ սրտում: Ինձ միշտ գրավել են քաղաքակրթությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը և նպաստել մարդկության առաջընթացին: Հայաստանը, անկասկած, քաղաքակրթության այն բնօրրաններից է, որն աշխարհին առաջարկել է անթիվ մտավոր նվաճումներ և գիտնականներ», - իր խոսքում նշել է Թալեբը։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել 2022 թվականին։ Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։